27 հուլիսի 2015 - 15:18 AMT
ՀԾԿՀ-ն էներգետիկայի աուդիտ անցկացնող է փնտրում. Այն կտևի օգոստոսի 10-ից մինչև տարեվերջ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 27-ի նիստում որոշել է հաստատել հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը: Որոշման 1-ին կետով հաստատված հրավերն ուղարկվելու է լավագույն հնգյակում ընդգրված միջազգային խորհրդատու ընկերություններին:

Ներկայացված հրավերները և արդյունքները ներկայացվելու են ՀՀ կառավարության աշխատակազմ:

Հրավերը կազմվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3–րդ կետի հիման վրա, որով Հայաստանի կառավարության կողմից հետագայում հաստատման ենթակա՝ կոնկրետ նպատակներով արագացված պայմանական մրցույթներ կազմակերպելու հնարավորություն է տրվում։

Հանձնաժողովն ակնկալում է, որ խորհրդատուն կկարողանա աշխատանքը սկսել մինչև օգոստոսի 10-ը: Դրա առաջին փուլի ակնկալվող տևողությունը մոտ 6-7 շաբաթ է, 2-րդ փուլի՝ մոտ 7-8, 3-րդ՝ 6-8 շաբաթ:

Այսինքն՝ աուդիտը կտևի գրեթե մինչև տարեվերջ:

Հրավերը հաստատելու մասին ՀԾԿՀ որոշման նախագծում նշվում է, որ հանձնաժողովի հանդեպ հասարակության շրջանում վստահություն կառուցելու և հասարակության հետ բաց ու թափանցիկ հաղորդակցություն ապահովելու համար անհրաժեշտ է դիմել միջազգային ճանաչում ունեցող խորհրդատվական ընկերության հանձնաժողովի սակագնային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ստանալու նպատակով։

Հանձնաժողովը, կառավարությունից ստանալով ֆինանսական և կազմակերպչական աջակցություն, հայցում է առավել համապարփակ խորհրդատվություն, որը, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված կոնկրետ հարցերի ուսումնասիրությունից, կհանգեցնի Հայաստանում առկա էներգետիկ շուկայի (արտադրության, հաղորդման և բաշխման) և սակագների կառուցվածքի վերլուծությանը, ինչպես նաև Հայաստանում ցածր ու մատչելի սակագների դրույքաչափերի ապահովման հնարավորությունների բացահայտմանը՝ ապահովելով էներգետիկ համակարգի և էներգետիկ շուկայի կայուն զարգացումը Հայաստանում:

Հաշվի առնելով այն, որ կառավարությունն արդեն նախաձեռնել էր 2016-2036-ի էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ հանրային քննարկումները, հայցվող խորհրդատվությունը նախատեսվում է ավելի կարճ ժամանակահատվածի համար: Ժամկետն այս առաջադրանքի կատարման համար էական նշանակություն ունի, և խորհրդատուների որակավորված թիմ արագ կազմելու ու այն մոբիլիզացնելու կարողությունն անհրաժեշտ պայման է այս խորհրդատվության համար։

Աուդիտի աշխատանքի շրջանակն է. էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում: Ստեղծված իրավիճակի և Հանձնաժողովի որոշումների ամփոփում՝ հիմնված առկա տեղեկությունների և ինստիտուցիոնալ գործելակերպերի վրա: Ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում: