
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հուլիսի 29-ին տարածված տեղեկությունը, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հուլիսի 29-ին հաղորդագրություն են տարածել, թե Ադրբեջանի զինուժը շփման գծի Աղդամի հատվածում իբր հայկական անօդաչու սարք է խոցել` DJI Inspire1 (Quadcopter): Այս մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը պաշտպանության նախարարության վրա հղումով:
Մինչդեռ լարվածությունն առաջնագծում պահպանվում է. ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 28-ին և լույս 29-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային, զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից (96 արկ), ՌՊԳ-7 (19 արկ), ՀԱՆ-17 (40 արկ) և ՀՀՆ-9 (4 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2800 կրակոց:
Հուլիսի 27-ին և լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 210 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 98 արկ, ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՀՀՆ-9 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 29, 23 և 6 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:
Հանգստյան օրերին՝ հուլիսի 25-26-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով:
Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 9 և 20 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց: