28 նոյեմբերի 2002 - 22:20 AMT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ
Միջազգային անվտանգության հիմնական միջուկը տարածաշրջանային համագործակցությունն է: «Արմինֆո» գործակալությանը նման կարծիք է հայտնել Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին` մեկնաբանելով Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների զարգացման հնարավորությունը եւ դրա ազդեցությունը Թեհրանի հետ Երեւանի հարաբերությունների վրա: Նրա խոսքերով, ներկայումս դիտվում է Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ համագործակցություն, որի արդյունքում Հայաստանի ռազմական տեխնիկան, ինչպես նաեւ հանրապետությունում զինվորական ուսուցման համակարգը համապատասխանեցվել են ռուսական չափանիշներին: Դեսպանը նշել է նաեւ, որ Կովկասի մյուս երկրների համեմատ Հայաստանը նվազ ակտիվությամբ է մասնակցել ՆԱՏՕ-ի տարբեր տարածաշրջանային ծրագրերին: Խոսելով Իրանի արտաքին քաղաքական գերակայությունների մասին` դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը նույնպես սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, հատկապես` Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակին առնչվող հարցերում: Դրան զուգընթաց, նշել է Մոհամմադ Քոլեյնին, Թեհրանը աշխուժորեն համագործակցում է եվրոպական պետությունների հետ, ինչը, նրա կարծիքով, լավ գործիք է տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման գործընթացում: Հեռավոր արտասահմանյան երկրները պետք է կառուցողական մոտեցում դրսեւորեն տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում, ավելացրել է դեսպանը: