9 հոկտեմբերի 2006 - 18:49 AMT
Հարավային Կովկասի երկրները դեռեւս ԵՄ-ին անդամակցելու հեռանկար չունեն
ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը քննարկել է Ադրիան Սեվերինի զեկույցը Հարավային Կովկասում կայունության պակտի մասին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, զեկուցողի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել զեկույցում որոշ ուղղումներ կատարելու վերաբերյալ, կապված Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հետ: Մասնավորապես, ինչպես հայտարարել է Տ.Թորոսյանը, բանաձեւում ասվում էր, որ Հարավային Կովկասի երկրները ԵՄ-ին անդամակցելու հեռանկար չունեն: «Այդ ձեւակերպման մեջ ավելացվել է «դեռեւս» բառը, ինչը թույլ է տվել լուծել վիճահարույց հարցերը: Բանաձեւի նախագիծն ընդհանուր առմամբ ընդունելի էր Հայաստանի համար, սակայն ադրբեջանական կողմը դժգոհություն հայտնեց Կայունության պակտի առումով, հղում անելով ղարաբաղյան խնդրի չկարգավորված լինելը: Նախաձեռնությունը նախատեսում է համագործակցություն եւ ինտեգրում Հարավային Կովկասում, հաղորդակցությունների լիարժեք օգտագործում, վստահության հաստատում, կողմերի ջանքերի համատեղում»,-նշել է ՀՀ ԱԺ խոսնակը:

Նա նաեւ ընդգծել է, որ ադրբեջանցիների դիրքորոշումն ազդեցություն չունեցավ, քանի որ նմանատիպ Կայունության պակտ էր ընդունվել նաեւ Բալկանների համար, որտեղ կա Կոսովոյի չկարգավորված խնդիրը:
«Եվրամիության «նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԵՄ-ի եւ ԵԽ-ի համագործակցությամբ սկսել մի գործընթաց, որի նպատակն է ԵՄ-ի փոքր մոդելի ստեղծումը Հարավային Կովկասում: Այդ նախաձեռնությունը լավ նպատակներ է հետապնդում, սակայն կյանքի կկոչվեն դրանք, թե ոչ կախված է առաջին հերթին տարածաշրջանի երկրներից»,-գտնում է Թորոսյանը:

Ըստ խոսնակի, կարեւոր է նաեւ միջազգային հանրության հետեւողականությունն իր ընդունած բանաձեւերի կատարման հարցում, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի, որը Հայաստանից եւ Ադրբեջանից պահանջում է չավելացնել ռազմական ներուժը, հանդես չգալ պատերազմի սպառնալիքով եւ ատելության քարոզչությամբ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: