30 հուլիսի 2015 - 12:46 AMT
Որո՞նք են սթարթափի համար լավագույն էկոհամակարգով 20 քաղաքը

Սկսնակ ընկերությունների համար լավագույն էկոհամակարգով քաղաքների 20-յակը ներկայացվել է Compass վերլուծական ընկերության զեկույցում: Երևանը վարկանիշում ներկայացված չէ, թեև ավելի վաղ Հայաստանում Ձեռնարկատիրության համաշխարհային շաբաթվա ներկայացուցիչ Հայկ Ասրիյանցը PanARMENIAN.Net-ին ասել էր, որ ելնելով հիմնական չափանիշներից, մեր երկիրը բավականին լավ դիրքեր ունի սթարթափերի համար բարենպաստ պայմանների տեսակետից:

Զեկույցում առաջին տեղում նախկինի պես Սիլիկոնե հովիտն է: Տարածաշրջանը պահպանում է առաջատար դիրքերը բոլոր չափանիշներով, շուկայից բացի, որտեղ հովիտը 4-րդն է: Երկրորդ տեղում է Նյու Յորքը, երրորդ` Լոս Անջելեսը: Տասնյակում են նաև Բոստոնը, Թել Ավիվը, Լոնդոնը, Չիկագոն, Սիեթլը, Բեռլինն ու Սինգապուրը: Երկրորդ տասնյակը գլխավորում է Փարիզը, որին հաջորդում են Սան Պաուլոն, Մոսկվան, Օսթինը, Բանգալորը, Սիդնեյը, Տորոնտոն, Վանքուվերը, Ամստերդամն ու Մոնրեալը:

Քաղաքները գնահատվել են 5 չափանիշով. արդյունավետություն, ֆինանսավորման ծավալներ, տաղանդավոր մարդկանց քանակ, շուկայի չափերն ու ձեռներեցության փորձը: Տվյալները պատրաստելիս Compass-ը մոտ 200 հարցազրույց է վերցրել 25 երկրի ձեռներեցներից, հարցում է անցկացրել 11.000 սթարթափում և օգտվել է CrunchBase, Deloitte և Dealroom տվյալներից: «Լեզվական պատնեշի» պատճառով վարկանիշում ընդգրկված չեն Չինաստանի, Թայվանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի քաղաքները:

Նյու Յորքը, Օսթինը, Բանգալորը, Սինգապուրն ու Չիկագոն 2 տարում զգալիորեն բարելավել են իրենց դիրքերը վարկանիշում: Վանքուվերը, Տորոնտոն, Սիդնեյն ու Սիեթլը, հակառակը, 4-9 կետով նահանջել են: Սանտյագոն, Մելբուրնն ու կանադական Ուոթերլուն նույն ժամանակահատվածում դուրս են մնացել ցուցակից:

Ցանկի առաջատար Սիլիկոնե հովիտը 2 տարում 47% աճ է գրանցել: Մյուս քաղաքաներն այդ ընթացքում ավելի ակտիվ աճ են ունեցել: Բեռլինի սթարթափերի էկոհամակարգն աճել է 20 անգամ, Բանգալորինը` 5, Ամստերդամինը` 4, Լոնդոնինը` 3, Թել Ավիվինը` 2: Մոսկվան 2012-ից սկսած զգալի աճ չի ունեցել: