31 հուլիսի 2015 - 11:54 AMT
ԵԽ գլխավոր քարտուղարը ՀՀ-ին և անդամ պետություններին կոչ է արել վավերացնել Ստամբուլի կոնվենցիան

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել ԵԽ 9 անդամ պետությանը ստորագրել և վավերացնել Ստամբուլի կոնվենցիան, որն ամրապնդում է կանանց անվտանգությունը Եվրոպայում:

Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրախորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է որպես Ստամբուլի կոնվենցիա, ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ին: Այն դատապարտում է կանանց նկատմամբ կիրառվող ցանկացած բնույթի բռնություն` սեռականից մինչև ֆիզիկական և հոգեբանական: Դրա նպատակներն են բռնության կանխարգելումը, զոհերի պաշտպանությունը և հանցագործների քրեական հետապնդումը։ Կոնվենցիայով երկրները պարտավորվում են ոչ միայն պատասխանատվության ենթարկել բռնություն գործադրողներին, այլև աջակցել և պաշտպանել դրա զոհերին:

«Միայն 9 անդամ երկիր դեռ չի ստորագրել համաձայնագիրը, որոնք են Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Չեխիան, Իռլանդիան, Լատվիան, Լիխտեյնշտեյնը, Մոլդովան և Ռուսաստանը: Կոչ եմ անում նրանց անել դա առանց հապաղելու»,- Յագլանդի խոսքերը մեջբերում է ԵԽ կայքը:

2015-ի դրությամբ կոնվենցիան 37 պետություն է ստորագրել և 20՝ ռատիֆիկացրել: