Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր նախնական դիտարկումները Հայաստանում սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովն իր 29 էջանոց նախնական գնահատականում առաջարկում է հանել քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու մասին սահմանափակումները:
Բացի այդ, առաջարկվում է չեղարկել ամենաշատ ձայները ստացած կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների միջև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը:Խոսքը Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածի մասին է, որտեղ ասվում է.
«Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություն կամ կուսակցությունների դաշինքներ»:
ՎՀ-ի դիտարկումներում նաև նշված է, որ Ազգային ժողովում գումարման ամբողջ ընթացքում նոր խմբակցություններ ձևավորելու արգելքը պետք է հանվի, քանի որ դա կսահմանափակի պատգամավորի մանդատի ազատությունը:
Հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել նաև շարունակել Սահմանադրության նախագծի շուրջ ակտիվ քննարկումը քաղաքական ուժերի և հասարակության հետ՝ հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար:
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ քննարկումների արդյունքում ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ի, 13-ի, 14-ի և 15-ի հերթական նիստերի ընթացքում լրամշակել է ՀՀ սահմանադրության 1-7-րդ գլուխը:Սահմանադրության նշված գլուխների 52-էջանոց նախագծի նախնական տարբերակը հրապարակվել է հանրային քննարկումների համար՝ տեղադրվելով ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Սահմանադրության 1-7-րդ գլուխը վերաբերվում է սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, հանրապետության նախագահին, ազգային ժողովին, կառավարությանը, դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարմանը:
Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:
Հանձնաժողովի գործունեության ընդհանուր նպատակն է օժանդակել ՀՀ կայացմանն ու զարգացմանը որպես իրավական և ժողովրդավարական պետություն, նպաստել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, աջակցել դատաիրավական բարեփոխումներին, աջակցել փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանի դերի հեղինակության բարձրացմանը: