31 հուլիսի 2015 - 17:44 AMT
Ղազախական բենզինը կներմուծվի միայն ԵՏՄ երկրներ, այդ թվում` ՀՀ

Առաջիկա կես տարում ղազախական բենզին կարող են ձեռք բերել միայն Եվրասիական տնտեսական միության պետությունները: Ղազախստանը վառելիքաքսանյութերի արտահանման արգելք է սահմանել, և այժմ վառելիք այդ երկրից կարելի է արտահանել միայն Ռուսաստան, Բելառուս, Հայաստան և Ղրղըզստան:

Ժամանակավոր արգելքի պատճառներն իշխանությունների մտավախություններն են հնարավոր պակասուրդի և բենզինի գների թռիչքաձև աճի վերաբերյալ։ Կառավարությունում մտահոգված են, որ վառելիքը կարող է չբավարարել. շուտով կսկսվի բերքահավաք, և հողագործներն էժան վառելիքի կարիք կունենան, գրում է Newsarmenia-ն՝ КТК-ին հղումով:

Էներգետիկայի նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 30–ին։

ՂՀ էներգետիկայի առաջին փոխնախարար Ուզակբայ Կարաբալինի խոսքով՝ բենզինի և դիզելային վառելիքի գները Ղազախստանում առաջիկայում չեն թանկանա։

Չնայած աշխարհում նավթի գնի պարբերաբար նվազեցմանը, Հայաստանում բենզինը գրեթե չի էժանանում: Վերջին երկու տարում Հայաստանը բենզինը ներկրում է հիմնականում Ռուսաստանից («Ռոսնեֆտ»-ն ունի բենզին և դիզվառելիք Հայաստան ներմուծելու մենաշնորհ)։ Ուստի, դրա գնային փոփոխություններն ավելի շուտ պայմանավորված են ոչ այնքան միջազգային, որքան ռուսական շուկայի դրսևորումներով։