1 օգոստոսի 2015 - 13:42 AMT
Լատինական Ամերիկայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Լատինական Ամերիկայի խորհրդարանը հուլիսի 31-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Դրանում Թուրքիայի կողմից իրականացվածը մարդկության դեմ գործած հանցագործություն է որակվում։ Այս մասին տեղեկացնում է Prensa Armenia-ն:

Ցեղասպանության մասին բանաձևն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, դեմ է արտահայտվել միայն մեկը։

Խորհրդարանի կազմում են 23 երկրի ու տարածքի՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի,Արուբա կղզու, Կյուրասաո կղզու, Բոլիվիայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Դոմինիկյան Հանրապետության, Կոլումբիայի, Կոստա-Ռիկայի, Կուբայի, Մեքսիկայի, Պերուի, Սալվադորի, Նիկարագուայի, Պանամայի, Պարագվայի, Սան Մարտին կղզու, Սուրինամի, Ուրուգվայի, Չիլիի և Էկվադորի խորհրդարանները։

Հուլիսի 24-ին բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի նահանգն օրենք է ընդունել, ըստ որի ապրիլի 24-ը հռչակում է «Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»։

Օրենքը վավերացրել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն:

Մայիսի 29-ին Բրազիլիայի դաշնային խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով, Բրազիլիան դարձել էր Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 24-րդ երկիրը: Խորհրդարանի Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերային է:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունել էր «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձև, որը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: