Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության շրջանում խաղաղության պահպանմամբ և պատրաստ աջակցել՝ համապատասխան կանխարգելման մեխանիզմների ներդրմամբ: Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո:
Նա նշել է, որ ԱՄՆ պաշտպանական և արտաքին քաղաքականության գերատեսչություններում անցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի պահպանման միջոցների ուժեղացումը:
«Բանակցությունների ընթացքում՝ թե՛ Պենտագոնում և թե՛ Պետքարտուղարությունում կարծում են,որ անհրաժեշտ է ուժեղացնել բոլոր միջոցները, որոնք կարող են լինել կանխարգելիչ` իրավիճակի ռազմական ուղով տանելու տեսանկյունից», - ասել է փոխնախարարը, մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:
Կանխարգելման հնարավոր միջոցների թվում Տոնոյանը նշել է միջազգային դիտորդներին սահմանային միջադեպերի հետաքննություն իրականացնելու մանդատի շնորհումը, ինչը թույլ կտա կանխել զինադադարի խախտումները, պատժել մեղավորներին և միգուցե նաև կողմերի միջև վստահության մթնոլորտ ձևավորել: Մեկ այլ մեխանիզմ է զորքերի շփման գծում միջազգային դիտորդների հովանու տակ հսկող և դետեկտորային համակարգերի տեղադրումը, ինչը հնարավորություն կտա հասցեագրել զինադադարի յուրաքանչյուր դեպք:
«Դա շատ լուրջ կանխարգելիչ միջոց է, ինչ-որ մի բան անելուց առաջ կմտածեն, անել, թե՝ ոչ», - նկատել է նա:
Իրադրությունն առաջնագծում վերջին շաբաթների ընթացքում լարված էր: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը համեմատաբար թուլացել է՝հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 1100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 և ՀՀՆ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17.000 կրակոց:
Անդրադառնալով Վաշինգտոնում քննարկվող մյուս հարցերին, փոխնախարարը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանը գործակցելու է պաշտպանության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու և հայ խաղաղարարների աշխատանքն ապահովելու ոլորտներում: Նա ասել է, որ Պետքարտուղարությունում և Պենտագոնում բարձր են գնահատում հայ խաղաղապահներին:
Ներկայում հայ զինվորները խաղաղություն են պահպանում Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, իսկ շուտով կարող են մեկնել նաև Մալի:
Հայաստանը նաև ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններ իրականացնող մասնագիտացված ուժեր տրամադրելու պատրաստակամություն էհայտնել:
Անդրադառնալով հայ-ամերիկյան գործակցությանը ռազմական ոլորտում և հայ-ռուսական սերտ հարաբերություններին` պաշտպանության փոխնախարարն ընդգծել է, որ այդ հարցում որևէ հակասություն չկա, և ԱՄՆ հետ գործակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրամասերից մեկն է՝ նշելով, որ այն փոխլրացնում է հայ-ռուսական գործակցությունը ի շահ ՀՀ անվտանգության ամրապնդմանը: