2 օգոստոսի 2015 - 00:42 AMT
«Հա՛յ, մեռնելո՛ւ ես». Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահին սպառնում են

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության Շըրնաք նահանգի կառույցի հայազգի համանախագահ Ասմին Քիրաչին հուլիսի 25-ին և 26-ին Facebook սոցցանցով մահվան սպառնալիք է ստացել:

«Հա՛յ, մեռնելո՛ւ ես։ Բոլորդ ՔԱԿ-ական եք, հեռացե՛ք Թուրքիայից»,- գրված է եղել նրան ուղարկված հաղորդագրություններից մեկում, թուրքական Evrensel կայքին հղումով տեղեկացնում է Tert.am-ը:

Քիրաչը նշում է, որ իրեն նոր չեն սպառնում. դա եղել է նաև խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանում։ Նա տեղեկացրել է ,որ նախընտրական շրջանում իր տան վրա նշան են արել՝ այնպիսի նշան, որն «Իսլամական պետություն» խմբավորումն անում է Սիրիայում քրիստոնյաների տներին։ Նույն ժամանակահատվածում Քիրաչին նաև զանգահարել են և ասել. «Տանը նստիր, թե չէ գլուխդ կկտրենք»։

«Այդ սպառնալիքը ոչ միայն ինձ, այլև Ստամբուլում բնակվող շատ հայերի են ուղղել։ Նրանք էլ այդ հարցում իրենց մտահոգություններ են հայտնում, սակայն չգիտեն՝ ո՞ւր գնան, և ո՞ւմ դիմեն», - ասել է նա:

Կուսակցական հայ գործիչն իր դստեր հետ է բնակվում, և նշում, որ մտահոգվում է նաև նրա կյանքի համար։

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ: