3 օգոստոսի 2015 - 16:46 AMT
Սասունի Սբ Առաքելոց վանքը ոչնչացման եզրին է. Նորից գանձ որոնողներն են մեղավոր

Թուրքիայի Բաթմանի նահանգի Սասուն շրջանի Մարութա սարի ստորոտին գտնվող պատմական հայկական Սբ Առաքելոց վանական համալիրը ոչնչացման եզրին է: Եկեղեցու կառույցների մեծ մասն ավերված ու փլուզված է:

Երկհարկանի կառույցի առաջին հարկը փլուզումների հետևանքով հողով է լցված: Հարակից տարածքն ու մոտակայքում գտնվող գերեզմանոցը գանձ որոնողներն ավերում են, վնասում հորատման աշխատանքների պատճառով:

Միակ համեմատաբար ամբողջական կառույցը երկհարկանի, երկու սենյակյանոց նիստերի դահլիճն է, որտեղ ժամանակին թատերական ներկայացումներ են բեմադրվել, իրականացվել են այլ նմանատիպ միջոցառումներ: Այդտեղ գումարվել են նաև Դիարբեքիրի, Մարդինի, Քալեյոլուի տեղական ինքնակառավարման մարմինների ժողովները, իսկ կայացված որոշումները փոստատարի միջոցով ուղարկվել են Մարդին և Դիարբեքիր, թուրքական Haberler.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Սբ Առաքելոց վանական համալիրը հայտնի է նաև որպես Քոմքի եկեղեցի: Կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է 1300-ականներին և արդեն մոտ 800 տարվա պատմություն ունի: Միջնադարում համալիրը եղել է Սասունի հոգևոր կենտրոնը՝ եպիսկոպոսարանը:

Մի քանի տարի առաջ գանձ որոնողները Սբ Առաքելոցի տարածքում եկեղեցապատկան որոշ իրեր էին հայտնաբերել, որոնք ավելի ուշ ոստիկանության իրականացրած հատուկ գործողության շնորհիվ առգրավվել էին և այժմ ցուցադրվում են Դիարբեքիրի թանգարանում: Գանձ որոնողների հասցրած վնասներից բացի համալիրի տարածքը նաև կենդանիների համար ապաստանի է վերածվել:

Չնայած այդ ամենին՝ հնամենի ուխտատեղին իր տեսքով շարունակում է գրավել ուխտավորների ուշադրությունը: Մարութա սարի դիմաց՝ Սասնաջուր գետի արևմուտքում՝ 1700 մետր բարձրությամբ դեպի եկեղեցի տանող երկու ճանապարհ կա՝ Սասունից և Գյուրգենլի գյուղից: Երկու դեպքում էլ եկեղեցի հասնելու համար ուխտավորները մոտ մեկ ժամ ոտքով պետք է քայլեն:

Գանձ որոնողների գործողությունների հետևնաքով 2015-ի հունիսին ավերվել է Թուրքիայի ներկայիս Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա գավառից 3 կմ հեռավորության վրա գտնվող Թոքլուլար գյուղի պատմական հայկական եկեղեցին: Ավերված եկեղեցու հայկական անվանումը հավանաբար եղել է «Ակոս եկեղեցի» ու այն մոտ 800 տարվա պատմություն ուներ:

Թուրքիայում անխնամ մնալու հետևանքով ոչնչացման եզրին է նաև Կարսի Դիգոր շրջանի 5 եկեղեցուց միակ կանգուն մնացածը՝ Սբ Սարգիս հայկական եկեղեցին: Մինչև այժմ կանգուն մնացած եկեղեցուց բացի շրջանում եղել են նաև Սբ Կարապետ, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր և Սբ Ստեփանոս եկեղեցիները, որոնք այժմ այլևս գոյություն չունեն:

Սբ Սարգիս եկեղեցում այժմ կենդանիներ են պահվում, եկեղեցու պատերը կիսաքանդ են, քարերը՝ տեղահան արված, իսկ որոշ մասեր փորել են գանձ որոնողները:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։