3 օգոստոսի 2015 - 18:59 AMT
Ազնավուրը Լիբանանում երգել է Բաթրունի միջազգային փառատոնի բացմանը

Լիբանանում անցկացվող Բաթրունի միջազգային փառատոնը բացվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերով: Համերգը սկսվելուց առաջ Ազնավուրը նախազգուշացրել է հանդիսատեսին «իր վատացող տեսողության և լսողության ու գոյություն չունեցող հիշողության մասին»:

Այնուհետև նա նստել է և սկսել երգել, գրում է The Daily Star-ի թղթակիցը Լիբանանում:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի վերջին համերգը Լիբանանում տեղի էր ունեցել 2012-ին՝ Ջունիեի փառատոնին:

Ըստ պարբերականի, շանսոնյեն զարմանալի կարիերա է ունեցել, և երաժշտական աշխարհի վրա նրա ազդեցությունը նաև զգալի հետք է թողնում երաժշտությունից դուրս գտնվող աշխարհի վրա:

«Նրա ձայնը զարմանալիորեն չի փոխվում, և նրան լսել կենդանի կատարելիս, անգամ՝ երգերը գրվելուց 50 տարի անց, հզոր փորձառություն է: Այն, թե ինչպես է Ազնավուրն օգտագործում երաժշտությունը, նպաստել է մարդկանց շրջանում իր նկատմամբ մեծ սիրուն», - մեջբերում է Tert.am-ը:

Շառլ Ազնավուրն օգոստոսի 29-ին համերգ կտա Բելգիայում՝ Grand Casino Knokke-ում, որը նախատեսված է 450 հանդիսատեսի համար:90-ամյա երգիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է երգել մինչև 100-ամյակը:

Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը: