4 օգոստոսի 2015 - 12:45 AMT
ՌԴ-ն $6 մլն կհատկացնի ՀՀ-ի, Տաջիկստանի և Ղրղզստանի գյուղոլորտին

Ռուսաստանը $6 մլն կհատկացնի ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO), ինչը կնպաստի Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի կառավարություններին պարենային անվտանգության, սննդի և գյուղատնտեսության կայուն զարգացման ոլորտներում տեխնիկական օգնության տրամադրմանը:

Չնայած վերջին տարիներին զգալի տնտեսական աճին և տնային տնտեսությունների բարեկեցության աճին, Հայաստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը դեռևս խոցելի են համաշխարհային տնտեսական ցնցումների համար, զգայուն են պարենային ապրանքների և հումքի գների համաշխարհային տատանումների հանդեպ, ինչպես նաև խոցելի են բնակլիմայական աղետների առումով, որոնք բացասաբար են անդրադառնում ազգային տնտեսության ու պարենային անվտանգության վրա, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

Ագրարային հատվածը կարևոր դերակատարություն ունի այս 3 երկրի տնտեսության համար` Ղրղզստանի ՀՆԱ-ում այն կազմում է 20%, իսկ Տաջիկստանի դեպքում` մոտ 27%: Այս հատվածում է աշխատում Ղրղզստանի աշխատող բնակչության գրեթե մեկ երրորդը, Հայաստանում` 40%, Տաջիկստանում` 60%:

Վերոհիշյալ երկրները չունեն ելք դեպի ծով, նրանց պարենային բալանսը մեծ կախում ունի սննդամթերքի ներկրումից (հացահատիկ, միս) և դրամական փոխանցումներից հարևան երկրներից:

«Կազմակերպության տեխնիկական օգնությունը, որը կֆինանսավորվի ՌԴ ավանդի շնորհիվ, կուղղվի առաջնային նախագծերի ֆինանսավորմանը այդ 3 երկրում»,- ասել է Կազմակերպության գլխավոր տնօրեն և Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը: «Ամեն դեպքում FAO կհենվի կազմակերպության Եկրների շրջանակային ծրագրերի հիմնարար սկզբունքների վրա»:

Այդ ծրագրերը մշակված են յուրաքանչյուր երկրի համար առանձին, և մեկնարկային գործիք են պլանավորման և կառավարման համար, որոնք Կազմակերպությունն օգտագործում է երկրներին օգնություն ցուցաբերելու համար գյուղատնտեսության, պարենային անվտանգության և գյուղական շրջանների զարգացման գործում:

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի այս որոշումը»,-ասել է FAO գյուղատնտեսության զարգացման էկոնոմիկայի բաժնի տնօրեն Կոստաս Ստամուլիսը:

«Սովի և թերսնման դեմ պայքարում միջազգային նպատակներին հասնելու համար պահանջվում է բազում երկրների ջանքերի համախմբում, իսկ առավել նշանակալի են ազգային կառավարությունների ջանքերը»,-ասել է նա: ՌԴ ֆինանսական աջակցությամբ «մենք կկարողանանք ամրապնդել անդամ երկրների ներուժը պարենային անվտանգության ու սննդի ապահովմանն ուղղված ծրագրերի ստեղծման, ներդրումային պլանավորման ու քաղաքականության մշակման ոլորտներում»: