4 օգոստոսի 2015 - 14:27 AMT
ANCA-ն կզգուշացնի Նյու Մեքսիկոյի օրենսդիրներին ՀՀ-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից աճող սպառնալիքների մասին

ԱՄՆ Նյու Մեքսիկոյի օրենսդիրների սերտ կապերն Ադրբեջանի հետ շարունակում են վիաճահարույց մնալ: Այս մասին գրում է ամերիկյան «Albuquerque Journal»-ը:

Արտ Մակհաֆին, որը 2010-ին Իլհամ Ալիևի կողմից Ադրբեջանի պատվո հյուպատոս նշանակվեց Նյու Մեքսիկոյում, պաշտպանել է Ադրբեջանին իրավապաշտպանների և ԶԼՄ-ների առջև` պնդելով, թե «այդ երկիրն արժանի չէ դատապարտման»:

Մինչդեռ, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հայտարարել է Նյու Մեքսիկոյում ` Սանտա Ֆեի տեղական օրենսդիր իշխանության շենքում միջոցառումներ անցկացնելու մասին` ի պատասխան Ադրբեջանի շահերի առաջ մղմանը այդ նահանգում: Միջոցառման շրջանակում տեղի կունենան հանրային ճեպազրույցներ և ուսուցողական հանդիպումներ նահանգի օրենսդիրների հետ:

ANCA-ի համանախագահ Քեն Գլերիան կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ նման միջոցառումները Նյու Մեքսիկոյում անհրաժեշտ են հակազդելու համար ադրբեջանամետ լբբինգին տեղի օրենսդիր մարմնում: «Մեր շնորհանդեսային օրերը Նյու Մեքսիկոյում անցնելու են վճռորոշ ժամանակաշրջանում և նպատակ ունեն իրազեկելու մեր առաջնորդներին Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից աճող սպառնալիքների մասին, նշելով, որ Հայաստանը փոքր քրիստոնեական երկիր է անհանգիստ մի տարածաշրջանում»,-ասել է Գլերիան, հայտնում է Panorama.am-ը:

Կայքը հիշեցնում է, որ Ադրբեջանի կառավարությունը խիստ քննադատության է ենթարկվել մի քանի հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում Amnesty International-ի կողմից, որը մեղադրում է Ադրբեջանի իշխանություններին կոշտ գրաքննության և քաղաքական ակտիվիստների ու լրագրողների հետապնդումնեի մեջ:

Բաքուն ներքաշված էր նաև ամերիկացի կոնգրեսականների Բաքու այցելության ֆինանսավորման հետ կապված սկանդալի մեջ: Քննությունն այս գործով սկսվել էր 2015-ի մայիսին, Washington Post-ի հրապարակումից հետո, որտեղ ասվում էր, որ ադրբեջանական նավթային ընկերությունը մոտ $750 ծախսել ամերիկացի հյուրերի վրա: Հակակոռուպցիոն օրենքն արգելում է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին նվերներ ընդունել այն երկրների կառավարություններից և ուղևորություններ կատարել նրանց հաշվին՝ թույլ չտալու համար արտաքին ազդեցություն ԱՄՆ քաղաքականության վրա:

2012-ի մայիսին ոչ առևտրային «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպությունը հրապարակեց սկանդալային «Խավիարային դիվանագիտություն» զեկույցը: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանին բարեկամաբար տրամադրված ԵԽ անդամները աչք են փակում մարդու իրավունքների խախտման վրա՝ փոխարենը Բաքվից ստանալով ձկնկիթ, մետաքսե գորգեր, ոսկյա և արծաթե զարդեր և այլ շռայլ նվերներ: Աշխատության մեջ մանրամասն շարադրված է ԵԽԽՎ պատգամավորների կաշառման մեխանիզմն ու ժամանակացույցը: Մասնավորապես, ասվում է, որ շռայլ նվերների մատուցումն ադրբեջանական ավանդույթի մաս է կազմում, ինչպես նաև այն ակնկալիքը, որ դրա դիմաց մի օր կհատուցվի: Այս տրամաբանությամբ էլ, որն ադրբեջանցի պաշտոնյաները մասնավոր զրույցներում կոչում են «խավիարային քաղաքականություն», նրանք գործում են:

Ամեն ինչ սկսվեց, երբ Ադրբեջանը 2001-ին դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, իսկ 2005-ին, երբ ավարտվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն ու գանձարանը նավթադոլարներ սկսեց ստանալ, «խավիարային քաղաքականությունը» գործարկվեց արդեն ամբողջ թափով: «Խավիարի 1 կգ արժեքը 1300-1400 եվրո է: ԵԽԽՎ-ում մեր բարեկամներից յուրաքանչյուրը տարին 4 անգամ առնվազն 0,4-0,6 կգ խավիար է ստանում: Խավիար ստացող երկրի հիմնական բարեկամները 10-12 են: Եվս 3-4-ը կան քարտուղարությունում: ԵԽԽՎ յուրաքանչյուր նստաշրջանին միշտ խավիար է նվիրաբերվում: Սակայն Բաքու այցելությունների ժամանակ նվիրաբերվում են նաև շատ այլ բաներ: Պատգամավորներից շատերը հաճախ հրավիրվում են Ադրբեջան, նրանց այցերը շռայլորեն են վարձատրվում: Սովորական տարիներին հրավիրվում է առնվազն 30-40 մարդ, ոմանք՝ բազում անգամներ: Խորհրդարանականներին հրավիրում են խորհրդաժողովների, միջոցառումների, ամառային արձակուրդն Ադրբեջանում անցկացնելու: Արձակուրդը ենթադրում է նաև բազում թանկարժեք նվերներ, հիմնականում մետաքսե գորգեր, ոսկյա ու արծաթյա իրեր, խմիչք, խավիար ու փող: Բաքվում սովորական նվեր է համարվում 2 կգ խավիարը»,-հայտարարեց այն ժամանակ աղբյուրը վերլուծական կենտրոնում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի էթիկայի կոմիտեն խախտումներ չի հայտնաբերել ամերիկացի օրեսնդիրների գործողություններում, որոնք կատարվել են 2013-ի մայիսին Ադրբեջանի Պետական նավթային ընկերության հաշվին Բաքու այցելության ժամանակ: Ինչպես հայտարարել է կոմիտեն, կոնգրեսականները թույլտվություն են ստացել մեկնելու այդ երկիր և չեն իմացել, որ բոլոր ծախսերը հոգալու են տեղի իշխանությունները:

Կոմիտեի զեկույցում ասվում է, որ երբ Ներկայացուցիչների պալատի անդամը նվեր ստանալու գրավոր թույլտվություն է ստանում (որպես նվեր կարող է դիտարկվել նաև արտասահմանյան ուղևորությունը), ապա հետագայում դա պաշտպանում է նրան կոմիտեի կողմից որևէ գործողություններից: