12 օգոստոսի 2015 - 11:53 AMT
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին դիվերսիայի 2 փորձ է ձեռնարկել, բայց ձախողվել է

Օգոստոսի լույս 12-ի գիշերն ադրբեջանական դիվերսիոն խմբերըձեռնարկել են սահմանագոտու ներթափանցման երկու ձախողված փորձ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Եվրոպական խաղերից անմիջապես հետո Ադրբեջանը մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին։

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին և ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում: Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետներից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը»,- գրել է նա:

Ըստ Հովհաննիսյանի, անցնող գիշեր միայն 82 մմ-ոց ականանետներից ադրբեջանական ԶՈւ-երն արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտու ներթափանցման երկու ձախողված փորձ:

«Հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետևանքներով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին անգամ կարևորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձևավորման, ինչպես նաև հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը»,– գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Դեռ հուլիսի 24-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության օրերին հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում:

Օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է եղել: Օգոստոսի 4-ին Տավուշի մարզի դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանն, ով Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է:

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին լարված իրավիճակ էր նաև հուլիսին: Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահամանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես և Չինարի գյուղերը: Տեղեկությունը հաստատել է Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Ներքին կարմիրաղբյուր գյուղի հենակետերի մոտ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել