12 հոկտեմբերի 2006 - 14:48 AMT
ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի հետ համագործակցության մակարդակից
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի մեկնարկի շրջանակներում առաջընթաց է գրանցվել բոլոլ ուղղություններում: Այդ մասին ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, Երեւանում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է տարածաշրջանային եւ միջազգային բնույթի հարցերի լայն շրջանակ: Նա նաեւ ընդգծել է, որ Դաշինքը գոհ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունից: «Ես կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել, որ IPAP-ը ՆԱՏՕ-ի փաստաթուղթ է, ոչ թե ԵՄ-ի: ՆԱՏՕ-ն շեշտը դնում է անվտանգության վրա, այն դեպքում, երբ ԵՄ-ն շեշտը դնում է տնտեսական համագործակցության վրա, իսկ ԵԽ-ն ավելի շատ զբաղվում է մարդու իրավունքներով: Այդ առումով Հայաստանը բավականին հաջող է համագործակցում բոլոր ուղղություններով: Կարելի է ասել, որ համագործակցությունը բոլոր երեք ուղղություններով փոխլրացվում է»,-ընդգծել է Սիմոնսը:

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ ներկայումս ՀՀ նախագահին կից ստեղծվել է համակարգող խորհուրդ, որի նպատակն է նորմալ աշխատանք ապահովել բոլոր երեք ուղղություններով: ՆԱՏՕ-ի, ԵՄ եւ ԵԽ հետ համագործակցության փաստաթղթերն այնքան ծավալուն են, որ առավել անհատական մոտեցում են պահանջում»,-ասել է Հայաստանի արտգործնախարարը: