13 օգոստոսի 2015 - 12:59 AMT
Օհանյան. Հակառակորդը լարվածություն է ստեղծում, բայց իրավիճակը վերահսկելի է

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է, սակայն հակառակորդը փորձում է լարվածություն ստեղծել, չնայած հայկական զինված ուժերը հարևանների մոտ Եվրոպական խաղերի անցկացման ժամանակ ապահովել են հրադադարը՝ դեռ ավելին, ցուցաբերել զսպվածություն: Այս մասին ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով առկա իրավիճակը:

Նախարարի խոսքով՝ լարվածությունը Եվրոպական խաղերից հետո մեկ բարձրանում, մեկ իջնում է:

«Մեր հարևանները փորձում են քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ քաղել: Հրադադարը խախտվում է նաև հրաձգային զենքերից, ականանետներից: Վերջին օրերին հակառակորդը ձեռնարկել է նաև մի քանի դիվերսիոն հետախուզական փորձ, որոնք մեր կողմից կանխվել են», - ասել է Օհանյանը՝ հավելելով, որ ի պատասխան հայկական կողմի հայտարարությանը, որ պետք է երկխոսության և շփման գծում վստահության մեխանիզմների ձևավորման միջոցով պահպանել հրադադարը, հակառակորդը պատասխանում է լարվածության սրացմամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունն օգոստոսի 12-ին տեղեկացրել էր Բաքվում անցկացված Եվրոպական խաղերից հետո իրավիճակը սրելու Ադրբեջանի փորձերի մասին ու նշել, որ օգոստոսի լույս 12-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն հարձակման 2 փորձ է ձեռնարկել, որոնք ձախողվել են։Դեռ հուլիսի 24-ին պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության օրերին հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում:Օգոստոսի 4-ին Տավուշի մարզի դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանն, ով Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է:

Ըստ Օհանյանի՝ հայկական ԶՈւ-ն իր պարտականությունները գերազանց են կատարում: Միաժամանակ, նախարարը ցավով նշել է, որ հայկական կողմն ունեցել է մեկ կորուստ, գրում է Panorama.am-ը:

«Պետք է բոլորիս սփոփանքի խոսքն ուղղենք զոհվածի հարազատներին: Մենք մեր առջև դրված խնդիրները կատարել ենք և պատրաստ ենք զսպման մեխանիզմներ ձևավորել», - ասել է Օհանյանը:

Օգոտոսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:Ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառման, զինծառայողը զոհվել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից:

Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրգործ է հարուցել:

Օգոստոի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկարությամբ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 82 մմ-անոց ականանետերից արձակել է 154 արկ: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 2600 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողություններով ճնշել են հակառակորդի ակտիվությունը: