13 օգոստոսի 2015 - 16:17 AMT
Կառավարությունն ընտրել է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնող ընկերությունը

Օգոստոսի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով: Կառավարության աշխատակազմին հանձնարարվել է նշված կազմակերպության հետ կնքել պետության կարիքների համար անհրաժեշտ ծառայությունների ձեռքբերման պայմանագիր՝ մինչև տվյալ գնումը կատարելու ֆինանսական միջոցների հատկացումը:

«Այս խորհրդատվության արդյունքներով հանրությունը կստանա իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ, նաև մենք՝ կառավարությունը: «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է, և կարծում եմ, որ նրանց եզրակացությունից հետո մենք առաջ գնալու հիմքեր կունենանք», - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ Կառավարությունը ռուսական կողմի հետ համատեղ է աշխատում ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի վրա:

ՀԾԿՀ-ն ակնկալում էր, որ խորհրդատուն կկարողանա աշխատանքը սկսել մինչև օգոստոսի 10-ը: Դրա առաջին փուլի ակնկալվող տևողությունը մոտ 6-7 շաբաթ է, 2-րդ փուլի՝ մոտ 7-8, 3-րդ՝ 6-8 շաբաթ: Այսինքն՝ աուդիտը կտևի գրեթե մինչև տարեվերջ:

Նիստում վարչապետը նաև տեղեկացրել է, որ Կառավարությունը խոշոր բիզնեսին չի փոխհատուցելու օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը՝ հավելելով, որ նախագահի հետ կքննարկի ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք:

Աուդիտի աշխատանքի շրջանակն է. էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում: Ստեղծված իրավիճակի և Հանձնաժողովի որոշումների ամփոփում՝ հիմնված առկա տեղեկությունների և ինստիտուցիոնալ գործելակերպերի վրա: Ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում: