12 հոկտեմբերի 2006 - 15:17 AMT
Թբիլիսին Երեւանից եւ Բաքվից առավել հետեւողական է ընթանում դեպի ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն ժամանակի առումով սահմանափակումներ չի դնում այս կամ այն երկրի համար Դաշինքին անդամակցելու հարցում: Երբ ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող երկիրը կատարում է բոլոր պայմանները, այն ժամանակ էլ հնարավոր է լինում խոսել նրա անդամակցության մասին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, Վրաստանը առավել հետեւողական է ընթանում դեպի Դաշինքը, քան Հայաստանն ու Ադրբեջանը, եւ այժմ գտնվում է ծրագրի առաջին փուլում: Ես պետք է նշեմ, որ որ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն հայտնել Դաշինքին անդամակցելու ցանկության մասին»,-ասել է Սիմոնսը: Ինչ վերաբերում է վրաց-ռուսական հարաբերություններին, ապա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը համոզվածություն է հայտնել, որ լարված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կստանա, կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Ռոբերտ Սիմոնսը խոսել է նաեւ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգի մասին: «Կքննարկվի երեք հարց` ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ավելացում Աֆղանստանում, համագործակցության ընդլայնում Խաղաղօվկիանոսային ավազանի երկրների հետ` Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի հետ: Նաեւ կքննարկվի այն հարցը, թե ի վիճակի է ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ ծավալել աշխարհի տարբեր մասերում»,-ասել է Սիմոնսը: