14 օգոստոսի 2015 - 12:32 AMT
Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 5-ն ու Galaxy S6 Edge Plus-ը

Հարավկորեական Samsung ընկերությունը միանգամից 2 նոր սմարթֆոն է ներկայացրել` Galaxy Note 5-ը և Galaxy S6 Edge Plus-ը: Նոր գաջեթների ցուցադրումը կայացել է օգոստոսի 13-ի երեկոյան՝ Նյու Յորքում: Երկու սարքն էլ հագեցած են 1440x2560 պիկսել թողունակությամբ 5,7-դյույմանոց էկրանով, ինչպես նաև 16 և 5 մեգապիկսել խտությամբ մատրիցայով երկու տեսախցիկով:

Նոր սմարթֆոններն ունեն 8-միջուկանի Exynos 7420 պրոցեսոր և աշխատում են բջջայինի Android 5.1 Lollipop ՕՀ-ով: Galaxy Note 5 և Galaxy S6 Edge Plus-ն ունեն նաև 4 Գբ օպերատիվ հիշողություն յուրաքանչյուրը և հավելյալ ծավալով մարտկոցներ:

Օգոստոսի 21-ին սմարթֆոնները վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում ու Կանադայում: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, Galaxy S6 Edge Plus-ը սեպտեմբերին կհայտնվի նաև Ռուսաստանում, Հայաստանում վաճառքի մեկնարկի ժամկետը դեռ հայտնի չէ:

Ընթացիկ տարվա երկրորդ կեսին Samsung-ի մասնաբաժինը բջջային սարքերի համաշխարհային շուկայում զգալիորեն նվազեց այն բանից հետո, երբ ընկերությունը թողարկեց Galaxy S6-ը, որը բավականին մեծ քննադատության արժանացավ ինչպես սպառողների, այնպես էլ փորձագետների կողմից: Բացի այդ, Samsung-ին «նեղում են» մրցակիցները` ոչ միայն Apple-ը, այլ նաև ավելի էժան չինական գաջեթները, այդ թվում` Huawei-ը: Արդյունքում հարավկորեական ընկերությունն էժանացրեց S6-ը և հետաձգեց Note-ի անոնսը, որը հիմա առաջ է անցել նոր iPhone-ի շնորհանդեսի օրից:

Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում: