14 օգոստոսի 2015 - 14:39 AMT
Թուրքիան նոր ընտրությունների շեմին է. Դավութօղլուն կոալիցիոն կառավարություն չձևավորեց

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) և Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) չեն կարողացել համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձևավորման հարցում: Այդ մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի, նման որոշում է կայացվել վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Քեմալ Ղըլիչդարօղլուի վերջին հանդիպումից հետո:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) իր վերջնական պայմաններն է ներկայացրել կոալիցիոն կառավարության ձևավորման համար: Պահանջներից մեկն այն էր, որ ԺՀԿ պատգամավորները պետք է գլխավորեն արտաքին գործերի և կրթության նախարարությունները, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունեցել, որին մասնակցել է 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվի: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին ԱԶԿ առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Վարչապետը կոալիցիոն բանակցություններ է վարում մյուս 3 խորհրդարանական կուսակցությունների հետ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվի ձևավորել, նախագահը կլուծարի խորհրդարնն ու արտահերթ ընտրություններ կնշանակի:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի բացառել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Դավութօղլուն հայտարարել էր, որ ինքն սկսելու է բանակցել բոլոր կուսակցությունների հետ, որոնք իրավունք են ձեռք բերել ներկայացված լինելու երկրի խորհրդարանում, սակայն եթե կոալիցիոն կառավարության ստեղծման վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի, արտահերթ խորհրդարանական ընտրություն տեղի կունենան:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը: