12 հոկտեմբերի 2006 - 18:55 AMT
Ցեղասպանության մասին օրինագիծն, առաջին հերթին, նպատակ ուներ խոչընդոտե՞լ Թուրքիայի անդամակցությանը Եվրոպային
«Ուրախ ենք եւ բավարարված, որ այս օրինագիծը (Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագիծը)ազգային ներկայացուցիչներն ընդունեցին այն տեսքով, որով այն ներկայացված էր», - հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համադրող խորհրդի նախագահ Ալեքսիս Գովչիյանը: Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրենքի նախագծի ընդունումը ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի կողմից, նա կարծիք է հայտնել, որ այդ փաստը ,միջազգային մակարդակով, այդ թվում Թուրքիայում, կբարձրացնի իրազեկությունն, այս խնդիրը կերեւա նոր լույսի ներքո, եւ հնարավոր կդառնա գալիք տարիներին սկսել իրական երկխոսություն: «Սա քայլերից մեկն էր, - ասել է Գովչիյանը, - «ՊԵտք է շարունակենք աշխատել Սենատում»:

Իր հերթին Փարիզի Ամերիկյան համալսարանից Հոլ Գարդները համարում է, որ շատ ուժեղ հայկական համայնք կա Ֆրանսիայում, բայց կա նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը: «Քվեարկությունը մասամբ ուղղված էր նաեւ Եվրամիություն Թուրքիայի մուտքը խոչընդոտելուն: Մարդու իրավունքների հարցը նույնպես կարող է լինել դրա ետեւում, սակայն դա ավելի շատ նպատակ ունի խոչընդոտել Թուրքիայի մուտքը Եվրամիություն», - ասել է Գարդները: Գործարար շրջանակների ներկայացուցիչների կարծիքով, օրինագծի ընդունման տնտեսական հետեւանքները կախված կլինեն Թուրքիայի արձագանքից, որը կսահմանափակվի պետական մրցույթներին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը թույլ չտալով:

«Նույնիսկ եթե ֆրանսիական օրինագիծը օրենք դառնա, ինչպե՞ս է այն կիրառվելու», - հայտարարել է Գիզեմ Օզթոքը Ստամբուլի Սաբանջի համալսարանից: Մինչդեռ «Միլիեթ» օրաթերթի եւ CNN Turk հեռուստատեսության մեկնաբան Սեմիհ Իդիզը կանխատեսել է, թե չնայած ֆրանս-թուրքական հարաբերությունները օրինագծի ընդունմամբ կխաթարվեն, սակայն որոշ ժամանակ անց հարցը կկարգավորվի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: