18 օգոստոսի 2015 - 18:53 AMT
ՀՀ կառավարությունը հաստատել է ՌԴ գազի 1000 խմ-ը $165-ով գնելու նախագիծը

ՀՀ կառավարությունը օգոստոսի 18-ի նիստում հավանություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արձանագրությունների ստորագրման վերաբերյալ կառավարության որոշման նախագծերին: Դրանցից մեկը վերաբերում է 2015-ի սահմանված գազի գնին, այն է՝ $165 1000 խմ-ի դիմաց։ Այս մասին նիստին տեղեկացրել էէներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Ապրիլին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում «Գազպրոմ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը ասել է, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի` 1000 խմ–ի դիմաց սահմանված $190 փոխարեն դառնալով $165` ԵՏՄ-ը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված:

Սակայն սահմանի վրա գազի սակագնի իջեցումը չի ազդելու բնակիչների համար հաստատված սակագնի վրա:

Ըստ երկու երկրների կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013-ի դեկտեմբերի 2-ի hամաձայնագրին կից արձանգրությանը՝ առանց համաձայնագրի այլ դրույթներին վնասելու, գազի գինը Հայաստանի համար 2015 –ի հունվարի 1-ից սկսած մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը կարգավորման ժամանակաշրջանում սահմանվում է $165 1000 խմ-ի համար:

Նախարարի խոսքով՝ երկրորդ արձանագրությամբ հանձնարարվում է իրավասու մարմիններին նախապատրաստել ֆինանսական հաշվարկի ու հաշվառման մոդել մինչև նոյեմբերի 1-ը հետագա կիրարկման համար, գրում է Panorama.am-ը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն 2013-ին հաստատել է ամսական մինչև 10.000 խմ գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156.000 դրամի չափով յուրաքանչյուր 1000 խմ-ի համար (ներառյալ ԱԱՀ)։ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմելով ՀԾԿՀ՝ առաջարկել են վերանայել բնական գազի գործող սակագինը. ամսական մինչև 10.000 խմ գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132.000 դրամից հասցնել 221.000 դրամ: