19 օգոստոսի 2015 - 12:47 AMT
Թբիլիսիում նոր հայ-վրացական դպրոց կգործի` 1000 աշակերտի համար

Թբիլիսիի Մետրոմշենի բնակավայրում հայ-վրացական դպրոց կբացվի՝ նախատեսված 1000 աշակերտի համար: Այս մասին հայտնել է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը։

«Թիվ 103 հանրային դպրոցն ամենախոշոր նախագծերից է, ավելին՝ վերջին 20-30 տարվա ընթացքում նման մեծության դպրոց չի կառուցվել»,- ասել է երկրի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն՝ տեղում ծանոթանալով շինարարական աշխատանքների ընթացքին։

Նախագծի արժեքը մոտ 5.5 մլն լարի է։ Շինաշխատանքները սկսվել են 2015-ին և կավարտվեն 2016-ին:

Նախարարի խոսքով՝ նախագիծը կարևոր է, քանի որ «խառը տիպի դպրոց է», լինելով վրացական դպրոց՝ այն ունենալու է մեծ հայկական բաժին, գրում է Sputnik-georgia.ru-ն։

«Մենք առավելագույնս աշխատում ենք օգնել էթնիկ փոքրամասնություններին նրանում, որ նրանք լիարժեք և լավ ինտեգրվեն ուսումնական գործընթացին»,- նշել է Սանիկիձեն։

Նոր դպրոցը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին։ Ուսումնական հաստատությունը կունենա ջեռուցման համակարգ, կբացվեն մարզասրահներ, գրադարան, բնական գիտությունների կաբինետ, ճաշարան։ Ինչպես նաև, դպրոցը հարմարեցված կլինի սահմանափակ կարողություններով աշակերտների համար։

2011-ի տվյալներով Վրաստանում գործում է 138 հայկական դպրոց, սակայն դրանց թիվը տարեցտարի կրճատվում է: 2013-ի տվյալներով Թբիլիսիում գործում է 6 հայկական դպրոց 2009-ի տվյալներով Թբիլիսիում բնակվում է մոտ 130.000 հայ: