19 օգոստոսի 2015 - 15:44 AMT
Բրիտանական թանգարանի «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու»

«Հնագույն Թուրքիա» սրահը Բրիտանական թանգարանում վերանվանվել է «Անատոլիա և Ուրարտու»-ի։ Այս մասին տեղեկացրել է վերանվանման նախաձեռնության հեղինակ Զեփյուռ Բատիկյանը Ֆեյսբուքյան իր էջում:

«Իհարկե կցանկանայի, որպեսզի սրահը կոչեին Հայաստան կամ Հայկական լեռնաշխարհ, բայց սա առաջին քայլն էր դեպի արդարության վերականգնումը», - գրել է Բատիկյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Կարինե Ղազինյանին՝ Մեծ Բրիտանիայում նախկին ՀՀ դեսպանին, ով աջակցել է նախաձեռնությանը, ինչպես նաև մշակույթի նախարարին, հայ և բրիտանացի պատմաբաններին, ովքեր ներդրում են ունեցել այս գործում։

Սրահի վերանվանման պահանջով ստորագրահավաքին մասնակցել է 12.000 մարդ:

Աշխարհահռչակ թանգարանի կողմից հայկական և Հայաստանի ուրարտական շրջանի պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող ցուցանմուշները «Հնագույն Թուրքիա» անվան տակ են ցուցադրվել: Թանգարանի տնօրինության հետ մի քանի տարի բանակցություններ են ընթացել: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) առաջարկում էր սրահը վերանվանել «Ուրարտու, Հնագույն Հայաստան»-ի: