20 օգոստոսի 2015 - 16:29 AMT
Ստամբուլի բիենալե. Արվեստագետ Ռակովիչը Հայոց ցեղասպանության թեմայով նախագիծ կներկայացնի

ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Մայքլ Ռակովիչը Ստամբուլի 14-րդ բիենալեին կներկայանա նախագծով, որի թեման կլինի Հայոց ցեղասպանությունը՝ արհեստների և ճարտարապետության ավանդույթների միջոցով։Ցուցահանդեսը կբացվի Գալաթայի հունական դպրոցում սեպտեմբերի 5-ին և կտևի մինչև 2015-ի նոյեմբերի 1-ը:

Նախագիծը կոչվում է «Մարմինը ձերն է, ոսկորները՝ մերը»։

Ինչպես պատմել է արվեստագետը, նախագծի անվանումը գալիս է մի երեխայի պատմությունից, որին փոքր հասակում հանձնել են վարպետ արհեստավորի՝ աշակերտելու համար: Երեխան այժմ 70-ն անց թուրք Քեմալ Ջիմբիզն է, իսկ վարպետը՝ գիպսի հետ աշխատող Կարապետ Ջեզայիրլյանը, ով Ստամբուլում բազմաթիվ զարդաքանդակների և եզրազարդերի հեղինակ է, Artforum.com հղումով գրում է Tert.am-ը:

Այդ եզրազարդերը ցույց են տալիս հայ ձեռքերի և մատների հետքերը, որոնք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած դեպքերի լուռ վկայությունն են, ասել է արվեստագետը։ Եզրազարդերը շարունակում են իրենց տեղում մնալ։ Այնպես որ ցուցահանդեսը պարզապես հայ վարպետի մասին չէ, այն վարպետից այլ մարդու արհեստի փոխանցման մասին է։

Արվեստագետը պատմել է, թե հազվադեպ է պատահել, որ թուրքին հանձնեն հայ վարպետի։ Հայերն արհեստով զբաղվող հիմնական շերտն են եղել հասարակության մեջ։ Ձեռքի աշխատանքը, որը ներառում էր նաև ճարտարապետություն կամ շինարարություն, փոքրամասնությունների աշխատանք է համարվել։

Նախագիծը նաև անդրադառնում է Քեմալ Ջիմբիզի արհեստի և Գալաթայի հին հունական դպրոցի միջև կապին։ Հույները նույնպես այլ փոքրամասնությունների նման Օսմանյան կայսրությունում տեղահանումների և խտրականության են ենթարկվել։

Ռակովիչը նաև պատմել է, որ ձուլվածքները պահպանվել են նաև դրանց մեջ պարունակվող կենդանիների ոսկորների շնորհիվ: