13 հոկտեմբերի 2006 - 17:33 AMT
Ֆրանսիայում Ցեղասպանության մասին օրենքի ընդունումը ճիշտ ժեստ է լավ բարեկամի կողմից
Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունի Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հերքման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի ընդունումը, քանի որ Ֆրանսիան եւ Հայաստանը շատ ջերմ հարաբերությունների մեջ են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արթուր Բաղդասարյանը: «Մենք միշտ հանդես ենք գալիս հանուն հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, եւ մենք կարծում ենք, որ դա ճիշտ ժեստ է լավ բարեկամի կողմից»,- նշել է նա: Ընդ որում, Արթուր Բաղդասարյանը ավելացրել է, որ նրան չի զարմացնում Թուրքիայի այդքան կտրուկ վերաբերմունքը, քանի որ այդպիսի թուրքական ռեակցիան բազմաթիվ անգամներ եղել է: «Եւ մենք չպետք է մոռանանք, որ ոչ միայն Ֆրանսիան, այլեւ բազմաթիվ այլ երկրներ դատապարտել են Ցեղասպանությունը: Ես կարծում եմ, որ եթե մենք չդատապարտենք ցեղասպանության փաստերը, մենք անպայման կվերադառնանք դրանց: Մենք պետք է ընդունենք` ինչ է եղել, որպեսզի վաղը դա չկրկնվի»,- հայտարարել է Ա. Բաղդասարյանը, հայտնում է «Գոլոս Առմենիի»-ն: