Իրաքի Քիրքուք քաղաքում հայկական եկեղեցի է բացվել:
Եկեղեցու բացմանը ներկա է եղել Քիրքուքի նահանգապետ Նեջմեթթին Քերիմը, ով հանդես է եկել ելույթով: Նա տեղեկացրել է, որ վերջին տարիներին Քիքուքում ապրող քրիստոնյաների 75%-ը լքել է երկիրը՝ նշելով, որ իրենք անում են հնարավորը այդ արտագաղթը կանխելու համար, թուրքական Beyazgazete.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Նահանգապետն ասել է, որ չնայած Բաղդադի հետ քաղաքական հակասություններին իրենք շարունակում են իրականացնել նախատեսված ծրագրերը:
Արքեպիսկոպոս Աբիդին Մարկոսյանը իր հերթին նշել է, որ վերջին տարիներին քրիստոնյաները և հատկապես հայ քրիստոնյաները Իրաքում մեծ դժվարությունների միջով են անցնում:
«Այդ ամենի հիմնական պատճառը ծայրահեղական կազմակերպություններն են: Կյանքի ապահովության համար Քիրքուքից հազարավոր հայ ընտանիքներ են հեռացել: Այսօր Քիրքուքում հազիվ 50 հայ ընտանիք է ապրում», - ասել է հոգեվորականը:
Իրաքյան հայերը ներկայացված են լուսավորչական և կաթոլիկ համայնքներով: ՀԱԵ Իրաքյան թեմը ենթարկվում է Մայր Աթոռ Ս.Էջմիածնին և 9 եկեղեցի ունի, որոնցից ամենամեծը Սբ.Գրիգոր Լուսավորչի եկեղեցին է Բաղդադում: Բացի դրանից, Բաղդադում գործում են ևս հինգ հայկական եկեղեցիներ: Քրիստոնյաները կազմում են Իրաքի բնակչության 3 տոկոսը:
2015-ին Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայկական եկեղեցի է հրկիզել: