Օգոստոսի 21-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ դատախազը պահանջել է 9 տարվա ազատազրկման դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային։
Իսմայիլովան ժպտացել է, երբ լսել է դատախազի այդ պահանջը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:
Ավարտին մոտեցող դատավարության հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 26-ին:
Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:
Բաքվի դատարանը մայիսին երկարաձգել է Իսմայիլովայի կալանքի ժամկետը 3 ամսով՝ մինչև օգոստոսի 24-ը: Դատախազությունը պնդում է, որ ազատության մեջ լրագրողը կարող է ազդել քննության վրա կամ թաքնվել: Սա արդեն լրագրողի կալանքի ժամկետի երրորդ երկարաձգումն է:
Օգոստոսի 11-ին Իսմայիլովան դարձել է Էլիսոն Դես Ֆորգսի անվան հեղինակավոր մրցանակի չորս դափնեկիրից մեկը։ «Էլիսոն Դես Ֆորգսի անվան մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր արիաբար պայքարում են մարդու իրավունքների համար՝ հաճախ վտանգավոր իրավիճակներում և անձնական մեծ զոհաբերությունների գնով»,- հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։
Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, Իսմայիլովային ԱՄՆ Մամուլի ազգային ակումբն իր բարձրագույն մրցանակն է շնորհել:
Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:
Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով:
Իրավապաշտպաննների դատավճիռը խիստ քննադատել են և պահանջել նրանց ազատ արձակել Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, Եվրամիությունը: