21 օգոստոսի 2015 - 16:17 AMT
Հետազոտություն. Թուրքեր ու քրդեր, որոնք օգնել են Հայոց ցեղասպանության զոհերին

Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը և Քլարկի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության Սթրասլեր կենտրոնի Գալուստեան/Մուգար ամբիոնը պրոֆեսոր Թաներ Աքչամի վերահսկողության ներքո միացյալ ուժերով նախաձեռնել են մեծ հետազոտություն, որի նպատակն էր պարզել այն թուրքերին և քրդերին, որոնք օգնել են Հայոց ցեղասպանության զոհերին:

ՌՎՄՀ հիմնական առաքելությունն է բացահայտել փրկության և համերաշխության մասին չպատմված պատմությունները: Այն մուսուլմանների հարցը, ովքեր ամեն ջանք գործադրել են 20-րդ դարի սկզբում հայերին փրկելու համար, չկանոնակարգված ասպարեզ է, որ դեռ պետք է բացահայտվի:

Վալենբերգի հիմնադրամը նույնը անում է Հոլոքոստի հետ կապված: ՀԿ-ն ձգտում է ընդգծել այն կանանց և տղամարդկանց ոգին, ովքեր հաճախ վտանգի են ենթարկել իրենց սեփական կյանքը` մյուսներին փրկելու համար:

«Սա մեր պարտքն է այդ փրկիչների և ամենից առաջ՝ պարտավորությունը երիտասարդ սերնդի առջև, որը պետք է տեղյակ լինի այս օրինակների մասին»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հետազոտությունն անցկացվել է մուսուլմանական (թուրքական և քրդական) նահանգներում, որտեղ պատմությունների մեծ մասը բանավոր փոխանցվել են սերնդե սերունդ:

Ուսումնասիրությունը հիմա արդեն հրատարակված և ներկայացված է հանրության դատին, որպեսզի մասնագետները և հասարակ ընթերցողները կարողանան ծանոթանալ դրան և իրենց կարծիքը հայտնել:

Առնվազն վերջին 5 տարվա ընթացքում կարելի է լսել խոսակցություններ ցեղասպանության ընթացքում թուրքերի կողմից հայերին փրկելու դեպքերի մասին՝ «թուրքեր, որոնք փրկել են հայերին»:

Ըստ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ կան բազմաթիվ օրինակներ Ցեղասպանությունը վերապրածների գրավոր և տպագրված հուշերում, ինչպես նաև բանավոր պատմություններում, որոնք վկայում են, որ շարքային մուսուլմանները (թուրքեր, քրդեր, արաբներ) հայ անհատներին և ամբողջական ընտանիքներին օգնել են գոյատևելու, թեկուզ և` ժամանակավոր:

Առհասարակ պատերազմների, զանգվածային կոտորածների և բնական աղետների ժամանակ մարդկային վարքագիծը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ: Հայերի ցեղասպանության պարագայում Օսմանյան կայսրության մուսուլման բնակչության մեծամասնությունը դրական արձագանքեց պետության կողմից ծրագրված հանցագործությանը: Վերջիններս նման քաղաքականությունը համարում էին պետության անվտանգության տեսանկյունից բխող գործողություն: Այն նաև ընկալվում էր որպես լավ հնարավորություն հայկական ունեցվածքը կողոպտելու և բռնագրավելու միջոցով հարստանալու, իսկ Օսմանյան կայսրության ծայրահեղական մուսուլմանների համար՝ որպես հնարավորություն «անհավատներին» սպանելու միջոցով «դեպի դրախտ իրենց մուտքն» ապահովելու համար:

Հայերին փրկող մուսուլմանները ընդդիմանում էին թուրքական պետության քաղաքականությանը և թաքցնելով նրանց՝ վտանգում իրենց և ընտանիքի մյուս անդամների կյանքը: Հայտնի փաստ է, որ, թուրքական բանակի հատուկ հրամանի համաձայն, ցանկացած մուսուլման, որն իր տանը հայ թաքցներ, ենթակա էր իր տան առջև կախաղան բարձրացվելուն, իսկ նրա տունը` ամբողջությամբ հրդեհվելու:

Միաժամանակ, Դեմոյանն ընդգծել է,որ հայերի փրկության պատմություններին անդրադառնալիս պետք է պարզաբանել, թե ով, ինչ պայմաններում և ումից է փրկել հայ զոհերին: Այն դեպքերը, երբ հայերի կյանքը փրկել են վերջիններիս շահագործելու կամ նրանց ունեցվածքը բռնագրավելու համար, չեն կարող համարվել փրկության դեպքեր: Հաճախ փրկված հայերը, այդ թվում` երեխաները, բռնի կրոնափոխ էին լինում, թուրքացվում նոր ընտանիքներում, կորցնում իրենց ինքնությունը, ինչը նույնպես համարվում է ցեղասպանական գործողություն՝ համաձայն ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի կոնվենցիայի դրույթների:

Իրական փրկության օրինակ է այն դեպքը, երբ թուրք անհատը կամ մի ամբողջ թուրք ընտանիք, ընդդիմանալով հայերին բնաջնջելու պետական ծրագրին, վտանգի տակ դնելով սեփական կյանքը, թաքցրել կամ փրկել է հայերին տեղահանությունից կամ անշահախնդիր օգնել է նրանց փրկվելու անխուսափելի մահից: