14 հոկտեմբերի 2006 - 15:23 AMT
Էլմար Մամեդյարովը չի պատրաստվում է «չափազանց լավատես» լինել Ղարաբաղի հարցում
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սպասում է, որ Փարիզում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ կայանալիք հանդիպման ժամանակ կողմերը հնարավորություն կունենան շփման կետեր գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առավել բարդ հարցերում: «Այս համատեքստում Մոսկվայում կայացած հանդիպումը եւս օգտակար էր: Սակայն արտահայտություն կա «սատանան միշտ մանրամասներում է գտնվում», եւ երբ անցնում ես «մանրամասներին», հանկարծ հասկանում ես, որ շատ խնդիրներ կան: Ես չեմ պատրաստվում չափազանց լավատես լինել, միեւնույն ժամանակ ցանկանում եմ իրական գնահատել գոյություն ունեցող իրավիճակը: Նոր տարրեր են հայտնվել, որոնք կարելի է օգտագործել, նոր գաղափարներ, որոնք ներմուծվել են համանախագահողների կողմից, եւ տվյալ համատեքստում այդ գաղափարների վրա աշխատելու նոր դաշտ է հայտնվել»,- նշել է Էլմար Մամեդյարովը:

Պատասխանելով այն հարցին, «թե ինչու են մինչեւ հիմա բացակայում այդ «շփման կետերը»»` Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Հնարավորությունների տանջալի փնտրտուք է ընթանում: Անհրաժեշտ է նուրբ հավասարակշռվածություն գտնել, դիրքերը մերձեցնելու համար: Բեւեռային, հակառակ կարծիքների գոյության դեպքում դրանք պետք է մոտեցնել. դա շատ բարդ եւ տքնաջան գործընթաց է` հաշվի առնելով` որքան նուրբ է Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես մեր, այնպես էլ Հայաստանի համար: Եւ այդ համատեքստում մեր խնդիրն իհարկե դիրքորշումների մերձեցումն է: Կստացվի դա, թե` ոչ. ասելը շատ բարդ է, եւ ես չեմ ցանկանում, եւ, ամենայն հավանականությամբ, չեմ էլ կարող շատ հեռու ապագան տեսնել: Սակայն, այն, որ մեր կողմից կա այդ ցանկությունը, անկասկած է: Այժմ ամեն ինչ այնքան նուրբ է, որ ես չէի շտապի ասել, թե որեւէ առաջխաղաղցում կլինի: Իմ սկզբունքային դիրքորոշումը կայանում է նրանում, որ եթե հարցը կարգավորելու ցանկություն կա, ապա պետք է մինչեւ վերջ գնալ», հայտնում է «Թրենդը»: