22 օգոստոսի 2015 - 17:24 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լողափնյա վոլեյբոլի մրցաշար Սևանում. Եզրափակիչը կկայանա հոկտեմբերին՝ սպորտային փառատոնի ժամանակ

«Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագրի շրջանակում օգոստոսի 22-ին և 23-ին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի աջակցությամբ կայացել են լողափնյա վոլեյբոլի մրցումները, որի կազմակերպիչներն էին «Կոկա-Կոլա» ընկերությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Գլոբալ Շեյփերս Երևան»-ը և «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունը:

Սևանա լճի ափին` «Մարիա Ռեզորթում» երկու օր տևած սիրողական մրցաշարին մասնակցել է շուրջ 200 ակտիվ երիտասարդ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից: Նրանք նախապես թիմեր էին կազմել և գրանցվել գործընկերների, համակուրսեցիների ու ընկերների հետ:

«Ուրախ եմ, որ Հայաստանում սպորտով զբաղվելը գնալով նորաձև է դառնում, և տարատեսակ սպորտաձևեր, այդ թվում վոլեյբոլը, մեծ տարածում են գտնում: Ակտիվ և առողջ ապրելակերպը պետք է առաջնային խնդիր լինի հատկապես երիտասարդության շրջանում: «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» ծրագիրը մեծ ակտիվություն է ստեղծել տարբեր տարիքային խմբերի, սպորտային և ոչ սպորտային կենսակերպ վարող մարդկանց համար: Նմանատիպ ծրագրերը արժանի են միայն խրախուսանքի», - ասել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի քարտուղար Կարեն Ասմարյանը:

Մրցաշարի արդյունքում հաղթող ճանաչված թիմերի եզրափակիչ խաղը կկայանա հոկտեմբերի 17-ին նախատեսված ծրագրի սպորտային փառատոնի ժամանակ: Եզրափակչին զուգահեռ նաև հեծանվային մարաթոն կկազմակերպվի:

ՖՈՏՈՇԱՐՔ