24 օգոստոսի 2015 - 15:58 AMT
Պոլսի հայոց պատրիարքությունը Աղթամարի պատարագը չեղյալ է հայտարարել

Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին` կիրակի օրը, կայանալիք պատարագը չեղյալ է հայտարարվել:

«Հայոց պատրիարքությունը, հաշվի առնելով վերջին շրջանում կատարվող ահաբեկչական հարձակումները և զոհերի մասին ստացվող լուրերը, ինչպես նաև Վան քաղաքում և շրջակա տարածքներում անվտանգության խնդիրներ չստեղծելու նպատակով, Սբ Խաչ եկեղեցում կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունը հետաձգում է»,- նշված է Պոլսի հայոց պատրիարքության Ֆեյսբուքյան գրառման մեջ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը` Asimder-ը, շարունակել է Աղթամար եկեղեցում կայանալիք պատարագի խափանմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, հայտարարություն անելով, Թուրքիայի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ հայերին Սբ Խաչ եկեղեցում անցկացնել ամենամյա պատարագը:

Նա աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական ու ադրբեջանական կազմակերպություններին կոչ է արել միանալ իրենց և խոչընդոտել պատարագը: Ավելի վաղ նա նաև հայտարարել է, որ այդ հարցում գործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ:

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010-ին բացվել է թանգարանի կարգավիճակով: Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 24-ին Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ: Հուլիսի 29-ին պայթեցվեց Քիրկուկ-Յումուրթալիկ նավթամուղը, որով Թուրքիա էր առաքվում իրաքյան նավթը: Պայթեցվել է նաև Իրան-Թուրքիա գազամուղը, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Քուրդ գրոհայինները հարձակումներ են իրականացրել ոստիկանության բաժանմունքների վրա Էրզրումում, Մուշում, Վանում: Կան զոհեր:

Հուլիսի 27-ին Վանում փոխհրաձգություն է տեղի ունեցել քուրդ գրոհայինների և ժանդարմների միջև: Գրոհայինները փակել են ավտոճանապարհը և սկսել են ստուգել վարորդների փաստաթղթերը` թույլ չտալով շարունակել երթևեկությունը: Նրանք բեռնատար են այրել: Միջադեպի վայր ժամանած ոստիկանները հայտնվել են գրոհայինների ինտենսիվ կրակի տակ: Նրանց հաջողվել է թաքնվել լեռներում, որտեղ ոստիկանները որոնման ու ոչնչացման գործողություն են սկսել: