27 օգոստոսի 2015 - 14:17 AMT
«Հայերի գարունը». Ֆրանսիական հեռուստաալիքը Ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ կցուցադրի

Ֆրանսիական France 3 հեռուստաընկերությունը «Հայերի գարունը» վերնագրով Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրելու՝, գրում է Nouvelle D’Armenie-ն։

«Ավելի քան 1 միլիոն մարդու կյանք խլած և հարյուր հազարավոր մարդկանց գաղթի պատճառ դարձած Ցեղասպանությունից անցել է հարյուր տարի: Այս արմատախիլ եղած մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում հայկական գաղթօջախներ են հիմնել։ Թուրքիան պաշտոնապես ժխտում է Ցեղասպանությունը՝ այն աստիճան հասնելով, որ հայկական ներկայությունն այնտեղ գրեթե «ջնջվել է»», - ասվում է ֆիլմի նկարագրության մեջ, Nouvelle D’Armenie-ին հղումով գրում է Tert.am-ը:

Կինոժապավենը պատմվում է հայկական ծագմամբ ֆրանսիացի Վարուժան Արթինի մասին, ով ժամանակին որոշել էր երբեք ոտք չդնել Թուրքիա: Սակայն հետագայում նա որոշում է բացահայտել իր նախնիների երկիրը: Վարուժանը զարմանալի բան է հայտնաբերում: Բազմաթիվ հայեր, որոնք ողջ են մնացել դարաշրջանի առաջին Ցեղասպանությունից հետո, մնացել են Թուրքիայում և չեն հեռացել այնտեղից:

«Հայերի գարունը» վավերագրական ֆիլմի տևողությունը 55 րոպե է, այն կհեռարձակվի օգոստոսի 31-ին՝ ժամը 23:25-ին։