28 օգոստոսի 2015 - 10:32 AMT
Ուորլիք. ՄԽ-ն մտադիր է սեպտեմբերին կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական APA լրատվամիջոցին հայտնել է Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի մասին, որոնք պետք է գործադրվեն աշնանը:

Դեսպան Ուորլիքը մանավորապես ասել է, որ Մինսկի խումբը ծրագրում է սեպտեմբերին հասնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:

Դեսպան Ուորլիքը ասել է նաև, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները աշնանը այց են նախատեսում տարածաշրջան, սակայն առայժմ նա հստակ ամսաթվեր չի նշել:

Նա հավելել է նաև, որ ամենաբարձր մակարդակի հանձնառությունը վերահաստատելու անհրաժեշտություն է զգացվում` հակամարտության խաղաղ կարգավորման լուծում գտնելու համար, հայտնում է Tert.am-ը:

Ավելի վաղ Երևանում Ջեյմս Ուորլիքը լրագրողներին հայտարարեց, որ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում: «Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Համապարփակ կարգավորումը ներառում է նաև կարգավիճակի հարցը: Այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ կարգավորման մի մաս»,- ասել է Ուորլիքը:

Բացի այդ, համանախագահը մեկ անգամ ևս նշել էր, որ Արցախի հարակից տարածքների վերադարձը բանակցությունների կետերից մեկն է:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը վերջերս հայտարարել է, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին և խաղաղապահներ տեղակայվեն: Ուորլիքը, փաստորեն, մասնակիորեն հրապարակել է հակամարտության կարգավորման կետերից մի քանիսը, որոնց նա անդրադարձել էր դեռ 2014-ին «Քարնեգի» հիմնադրամում ելույթի ժամանակ: Վերոնշյալից բացի, ենթադրվում է նաև ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, հետագա կարգավիճակի որոշում ժողովրդի կամարտահայտման միջոցով, միջանցքի պահպանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, փախստականների վերադարձ:

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարևորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները և ոչ թե հետևանքները: Քանի դեռ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ: Այդ մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ուորլիքի հայտարարությունը: Նա պնդել է, որ սահմանների վերադարձի հարց չի կարող լինել հենց միայն այն պատճառով, որ դա Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող երաշխավորել: