31 օգոստոսի 2015 - 15:35 AMT
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար. Եվրոյի գոտին չի կարող գոյատևել առանց բարեփոխման

Եվրոյի ճգնաժամն ու իրավիճակը Հունաստանին հատկացվելիք օգնության երրորդ փաթեթի շուրջ ցույց տվեցին, որ եվրոյի գոտին չի կարող գոյատևել այս ձևով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:

«Ստատուս քվոն ինքնափլուզման կհանգեցնի»,-ասել է նա: «Ուժեղները պետք է օգնեն թույլերին: Եթե անդամ երկրները պատրաստ չլինեն ոչ մի ձևով միջոցների փոխանցում կատարել արժութային միության ներսում, ինչի ականատեսն ենք մենք մինչ օրս, ապա մենք ստիպված կլինենք մոռանալ եվրոյի և եվրոյի գոտու մասին»,-ասել է ֆրանսիացի նախարարը: Մակրոնը նաև կողմ է հանդես եկել «լայն լիազորություններով» եվրահանձնակատարի նոր պաշտոնի ստեղծմանը, որը կհամակարգեր եվրոյի գոտու պետությունների ֆինանսական, տնտեսական և սոցիալական քաղաքականությունը: «Դա պետք է լինի ոչ միայն եվրոյի հարցերով զբաղվող եվրահանձնակատար, այլ նաև մեկը, ով կորոշի, թե որտեղ ներդրումներ անել, և կմասնակցի աշխատաշուկայի զարգացման քաղաքականությանը»,-պարզաբանել է նախարարը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Պաավո Վյայուրյունենը հարցում էր ներկայացրել Եվրահանձնաժողովին եվրոյի գոտում ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին: Պատգամավորն առաջարկում է միասնական արժույթից անցնել մի համակարգի, երբ միասնական արժույթի հետ մեկտեղ կշրջանառվի նաև ազգային արժույթը: Եվրահանձնաժողովին ուղղված հարցման մեջ պատգամավորը գրել է, որ իրավիճակը եվրոյի գոտում կարող է վատթարանալ, եթե չընդլայնվեն անդամ երկրների ընդհանուր տնտեսական պարտավորությունները և չամրապնդվեն որոշումների կայացման ազգային կառույցները:

Եվրո-ն (EUR), Եվրամիության 28 անդամներից 19-ի տարադրամը։ Եվրոյի սիմվոլը € նշանն է։ Մեկ եվրոն հավասար է 100 ցենտի։

Եվրոն 320 միլիոն եվրոպացիների համար ընդհանուր դրամական միավոր է։ 2006 թվականի դեկտեմբերին կար 610 միլիարդ եվրո կանխիկ գումար, և այդ հանգամանքն էլ ամենաթանկարժեք դրամական միավորների շարքում եվրոն դարձրեց առաջատար, որը շրջանառվում է ամբողջ աշխարհում՝ անցնելով ԱՄՆ դոլարին։ Եվրոն ներկայացվել է համաշխարային ֆինանսական շուկային որպես դրամական արժեք 1999 թվականին, իսկ 2002 թվականի հունվարի 1 շրջանառության դուրս եկան թղթադրամներ և մետաղադրամներ։ Եվրոն փոխարինեց եվրոպական դրամական միավորին (ԵԴՄ), որն օգտագործվում էր եվրոպական դրամական համակարգում 1979-1998 թվականներին 1։1 հարաբերությամբ։

Եվրոն կառավարվում է Կենտրոնական Եվրոպական բանկի (ԿԵԲ), որը գտնվում է Ֆրանկֆուրտում, և Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի (ԿԲԵՀ) կողմից, որը բաղկացած է Եվրամիության անդամ-երկրների կենտրոնական բանկերից, անկախ այն բանից, թե տվյալ երկիրն ընդունել է եվրոն որպես ազգային դրամական արժեք, թե ոչ։ ԿԵԲ-ն հանդիսանում է անձեռնամխելի կենտրոնական բանկ, և նրան է պատկանում բացառիկ հնարավորություն կառավարելու եվրագոտում դրամային քաղաքականությունը։ ԿԲԵՀ-ը զբաղվում է թղթադրամների և մետաղադրամների տպմամբ ու արտադրությամբ, եվրագոտու երկրների միջև կանխիկ գումարների բաշխմամբ, ինչպես նաև ապահովում է եվրագոտում վճարման համակարգի ֆունկցիոնալությունը։

Եվրամիության անդամ բոլոր երկրներն իրավունք ունեն մտնել եվրագոտի, եթե վերջիններս բավարարում են կրեդիտային քաղաքականության որոշակի պահանջներին, իսկ Եվրամիության անդամ նոր երկրների համար եվրոյի գոտի մտնելը հանդիսանում է ԵՄ-ում լիովին ինտեգրման՝ ներգրավման ճանապարհի միանշանակ քայլ։