31 օգոստոսի 2015 - 16:34 AMT
«Հայֆիլմ»-ի բաժնետոմսերն ու գույքը կվերադարձվի պետությանը

ՀՀ կառավարությունը օգոստոսի 31-ի նիստում որոշում է ընդունել «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը, ինչպես նաև գույքը` 2 մլրդ 702 մլն 469.000 դրամ գնահատված արժեքով վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:

«ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, 345 մլն դրամ փոխհատուցման դիմաց ՀՀ սեփականություն է ձևակերպում Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ի բաժնետերեր «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ իրավահաջորդ՝ «Ֆիլմ Ստուդիոս» ՓԲԸ-ն և «Սի Էս Մեդիա Էնթերփրայզիս» ՍՊԸ-ին պատկանող բաժնետոմսերը», - նիստին ասել է Պետական գույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը, մեջբերում է Tert.am-ը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել է ուշադիր լինել, որպեսզի ընդունման ու հանձնման գործընթացները լինեն թափանցիկ։

2005-ին կինոստուդիան վաճառվել էր ընդամենը 350 մլն դրամով, իսկ այժմ այն գնահատվում է 3 մլրդ դրամից ավելի:

«Հայֆիլմ» միակ պետական կինոստուդիան 2005-ի օգոստոսի 11-ին վաճառվել է «Armenio Studios» ՓԲԸ-ին, որը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին և Սարգսյան ընտանիքին պատկանող «CS MEDIA CITY» հոլդինգի մի մասն է։ նոր սեփականատերը ստանձնել է 10 տարվա ընթացքում ստուդիայում 30 մլրդ դրամ ներդնելու պարտավորությունը։ Չեն կառուցվել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից ու հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը։