1 սեպտեմբերի 2015 - 11:21 AMT
Առանց վիզայի ռեժիմ Բրազիլիայի քաղաքացիների համար՝ փոխադարձության սկզբունքի հիմքով

ՀՀ կառավարությունը օգոստոսի 31-ի նիստում ընդունել է «Բրազիլիայի Դաշնային Հանրապետության սովորական անձնագիր կրող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու մասին» որոշումը: Դրա նպատակն է այդ քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ` ՀՀ տարածք մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամանակահատվածով, որը հնարավոր է երկարաձգել 90 օրով:

Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է Բրազիլիայի հետ փոխադարձության սկզբունքով սովորական անձնագիր կրող անձանց մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին փոխադարձ պայմանավորվածությամբ:

Հարավամերիկյան երկրներից երկուսի` Արգենտինայի և Ուրուգվայի հետ ՀՀ-ն արդեն ունի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: 2002-ին Հայաստանի և Բրազիլիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը սահմանում է առանց մուքի արտոնագրի ռեժիմ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար: Այս որոշման ընդունմամբ փոխադարձության սկզբունքով վիզայի պահանջից կազատվեն նաև սովորական անձնագրեր կրող քաղաքացիները:

Բրազիլիայի հետ նման ռեժիմի սահմանումը կխթանի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները և կնպաստի բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: