1 սեպտեմբերի 2015 - 12:21 AMT
Լևոն Հայրապետյանի գործով քննությունը երկարացվել է մինչև դեկտեմբեր

Գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի գործի քննությունը երկարացվել է մինչև նոյեմբերի ավարտը` այս քրգործով նա մեղադրվում է նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Ավելի վաղ դատախազությունը հրաժարվեց հաստատել գործով մեղադրական եզրակացությունը և ուղարկեց այն լրացուցիչ քննության: Ինչպես նշել է փաստաբանը, օգոստոսի 31-ին քննությունն առաջին անգամ այս ընթացքում որոշել է շփվել Հայրապետյանի հետ: «Առիթ հանդիսացավ ծանուցումն այն մասին, որ նախաքննության ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 24-ը»,-ասել է Մարգարյանը:

Նա հավելել է, որ քննությունը նաև ներկայացրել է մեղադրականի նոր խմբագրված տարբերակը: «Այսօրվա մեղադրական եզրակացության տարբերությունը նախորդ 3-ից այն է, որ այս անգամ քննիչը որոշման մեջ գրել է, որ Իգոր Իզմեստևի մայրը` Թամարա Իզմեստևան հանձնել է գումարը Հայրապետյանին «որպես կաշառք»,-ասել է փաստաբանը:

Հայրապետյանի դեմ կա ևս մեկ հարուցված քրեական գործ: Նրան մեղադրում են 2009-ի ապրիլին Ռախիմովի կողմից «Բաշնեֆտի» վաճառքին մեղսակից լինելու մեջ: Ծավալուն արբիտրաժային գործընթացի արդյունքում «Բաշնեֆտը» վերադարձվել է պետությանը:

Ինչպես հայտնի դարձավ ավելի վաղ, Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Լևոն Հայրապետյանի դատապաշտպանների բողոքի դիմումը տնային կալանքի ժամկետի երկարացման դեմ: Այսպիսով Հայրապետյանը կալանքի տակ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը: «Դատարանը չի բավարարել բողոքարկման դիմումը` անփոփոխ թողնելով դատարանի որոշումը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հուլիսի սկզբին Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգեց «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի յուրացմանը մասնակցության համար մեղադրվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: Քննությունը խնդրել էր երկարաձգել կալանքի ժամկետը՝ վկայակոչելով, որ գործի ոչ բոլոր մասնակիցներն են ավարտել գործի նյութերին ծանոթությունը:

Դատարանն իր որոշմամբ նաև մերժեց պաշտպանության խնդրանքը՝ գրավի դիմաց կամ ներկայանալու պարտավորությամբ ազատ արձակել Հայրապետյանին: «Հայրապետյանն անշարժ գույք ունի արտասահմանում, ինչպես նաև՝ ՌԴ-ի և Հայաստանի երկքաղաքացիություն Մեղադրյալը կարող է թաքնվել քննությունից և դատարանից: Բացի այդ, նա բավական գումար ունի, որոնց միջոցով խափանման ձևը փոխելու դեպքում կարող է ԶԼՄ-ներով քրեական գործի հետաքննության հետ կապված ակցիաներ իրականացնել՝ այդպիսով վարկաբեկելով քննությունը», - ասել է դատախազը: Հայրապետյանի փաստաբանը չի համաձայնել պատճառաբանություններին՝ հայտարարելով, որ այժմ պաշտպանյալը չունի անձնագիր, այդ պատճառով նա չի կարողանա թաքնվել:

Մինչդեռ ինքը Հայրապետյանը խնդրում է քրեական գործ հարուցել քննչական խմբի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելևի դեմ` ՌԴ ՔՕ 286 հոդվածով: Այդ մասին հայտնել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Ըստ նրա, գործի նյութերից բխում է, որ քննիչ Վեսելևը 2014 թ. սեպտեմբերի 8-ին հանձնարարել է ոստիկանությանը մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել փաստաբանների դեմ, մասնավորապես, պարզել ավտոմեքենաների երթուղին ու նրաց ունեցվածքի մասին տեղեկություններ ստանալ: Ըստ դաշնային համապատասխան օրենքի, փաստաբանների դեմ օպերատիվ միջոցառումներ կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ, որը չի եղել:

2014 Հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:

Հայրապետյանի միջնորդության մասին ցուցմունք է տվել ցմահ բանտարկության դատապարտված Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը հայտարարել է, թե լսել է Ուրալ Ռահիմովից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի կառույցները «ԱՖԿ Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին վաճառելու ցանկության մասին: Ըստ նրա, նաև քննարկվել է որպես միջնորդ պարոն Հայրապետյանին ներգրավելու հնարավորությունը: Այս հայտարարության հիման վրա էլ ձերբակալվել է Հայրապետյանը, առավել ևս, որ քննությանը հայտնի է դարձել 50 մլն դոլարի մասին, որն իբր Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ: