1 սեպտեմբերի 2015 - 12:34 AMT
Հակառակորդը շարունակում է կիրառել 107 մմ-ոց հրթիռներ. Ակտիվությունը ճնշվել է

Օգոստոսի 31-ին և լույս սեպտեմբերի 1-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 120 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց` այդ թվում` 230 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև մեկ կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ամբողջ երկայնքով հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 1-ին լրագրողներին ասել է, որ իրավիճակը շփման գծում ու սահմանին վերահսկվում է, ժողովուրդը կարող է հանգիստ լինել, հայկական բանակը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր խնդիրներին տիրապետում է և լավագույնս լուծում:

ՊՆ ղեկավարի խոսքով՝ իրականում կրակոցների թիվն ավելանում և պակասում է. «Իհարկե, ապահովել ենք բոլոր տեսակի միջոցառումներն առաջնագծում՝ հակակորդին հետևելն ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը: Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողության մի քանի փորձ է եղել, որոնք ԼՂՀ հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են»:

Օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց:

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հագուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: