Եվրոպայում փախստականների ճգնաժամի հանգուցալուծումը կապված է Եվրամիության արտաքին սահմանների ամրապնդման հետ: Նման հայտարարություն է արել Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը: «Լուծումն այն կլինի, որ ամրապնդենք արտաքին սահմանները, Դուբլինի համաձայնագրում ասվում է արտաքին սահմանների գրանցման մասին, բայց մենք չունենք այդպիսի սահմաններ»,-ասել է նա` ելույթ ունենալով կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նա հավելել է, որ «նրանք, ովքեր գտնվում են արտաքին սահմանների մոտ, ասում են, որ Դուբլինը սխալ է աշխատում, քանի որ այն լավ մշակված չէր և կազմակերպված չէր»:
Հունգարիան, որը Եվրամիության արտաքին սահմանին է, անցած շաբաթ նոր ռեկորդ է գրանցել` ընդունելով մեկ օրում 3241 փախստական: Հունգարիայով փախստականները փորձում են հասնել ԵՄ մյուս երկրներ: Ներգաղթյալների աննախադեպ հոսքի պատճառով երկիրը միջոցներ է ձեռնարկում սահմանափակելու համար նրանց մուտքը երկիր, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Մինչդեռ օգոստոսի 31-ին հարյուրավոր փախստականներ Սիրիայից, որոնք արդեն մի քանի օր է, ինչ ապրում էին Բուդապեշտի կայարանում, գրոհեցին հարևան Ավստրիա և Գերմանիա ընթացող գնացքները:
Ըստ տեղական ԶԼՄ-ների, կայարանից օգոստոսի 31-ի առավոտյան անհետացան բոլոր ոստիկանները, որոնք պաշտպանում էին գնացքները: Դա արգելակեց ուղևորափոխադրումներն այդ ուղղությամբ:
Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը 3,6 հազար ապօրինի ներգաղթյալ է ժամանել գնացքներով Ավստրիա: Ըստ Վիեննայի ոստիկանության, դա ռեկորդային թիվ է մեկ օրվա համար: Ընդ որում, փախստակնների մեծ մասը չունի մուտքի արտոնագիր:
Ավելի վաղ Ավստրիայում հայտնաբերվել էր բեռնատար, որտեղ 70 ապօրինի ներգաղթյալի դի կար:
Մինչդեռ նախօրեին Վիեննայում մարդիկ դուրս էին եկել ցույց` սատարելով ներգաղթյալներին: Ցույցին մասնակցել է մոտ 20 հազար մարդ:
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ՄԱԿ-ի տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին: