1 սեպտեմբերի 2015 - 19:11 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ոչ թալանին»-ը վերսկսում է ակցիաները. Ազատության հրապարակում հանրահավաք կանեն (թարմացված)

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանի սիրահարների այգում սկսել է բողոքի ակցիա: Նրանց պահանջը նույն է՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում:

Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողներին ասել է, որ այսօրվանից սկսում են պայքարի նոր փուլը, սակայն դեռևս հստակ չէ, թե իրենց ակցիաները կլինեն ամենօրյա, թե ամենշաբաթյա:

«Քննարկումների արդյունքում մենք կորոշենք մեր հետագա քայլերը», - ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Սարգսյանը նաև ընդգծել է, որ վերջին օրերի հայտարարությունները՝ սակագնի սուբիսդավորման, աուդիտ անցկացնելու մասին, իրենց կողմից ընդունելի չեն ու չեն անդրադառնա պայքարի հետագա ընթացքի վրա:

Նա չի բացառել, որ հնարավոր է Բաղրամյանի կրկնությունը, երբ ցուցարարները 10 օրից ավելի փակել էին Երևանի գլխավոր պողոտաներից մեկը:

«Ժողովուրդը կհասկանա, որ նախկինում եղած խնդիրները շարունակվում են ու դուրս կգան փողոց: Այն ժամանակ ժողովուրդը տեսավ, որ ապօրինի թալանում են, նույն պրոցեսը շարունակվում է առանց որևէ փոփոխություն»,- նշել է նախաձեռնության անդամը:

Ակցիայի մասնակից ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանն իր հերթին ասել է, որ իրենք պատրաստ են դիմել ցանկացած միջոցի, որով ճնշում կգործադրեն իշխանության վրա:

Միաժամանակ Հանրապետության հրապարակում սկսվել էր «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության նստացույցը, որի անդամները փորձում էին մուտք գործել «գորգի» հատված:

Ավելի ուշ Բաղրամյանում ցուցարարները հայտարարել են, որ կարևոր հայտարարություն ունեն անելու, բայց որպեսզի այն ավելի լսելի լինի, կընթերցեն նախագահի նստավայրի մոտ։ Ապա նրանք շարժվել են դեպի Բաղրամյան 26, սակայն ոստիկանները փակել են Սիրահարների այգուց դեպի Բաղրամյան պողոտա տանող ճանապարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ցուցարարները Բաղրամյան-Պռոշյան հատույթում փորձել են փակել ճանապարհը, սակայն ոստիկաններին հաջողվել էր նրանց հետ մղել մայթ:

Ոստիկանները բերման են ենթարկել նախաձեռնության հինգ մասնակցի, ովքեր փորձում էին փակել Բաղրամյան պողոտան, գրում է Aysor.am-ը:

Բերման ենթարկողների թվում էր նաև Մաքսիմ Սարգսյանը:

«Ոստիկաններն ավելորդ լարվածություն են ստեղծում: Քիչ առաջ ես խոսեցի Մաքսիմի հետ, նրանք այս պահին գտնվում են Արաբկիրի բաժնում: Կոչ ենք անում բոլորին հավաքվել այստեղ և պայքարը շարունակել: Մենք ոստիկանությանը կես ժամ ժամանակ ենք տվել, որպեսզի մեր ընկերներին ազատ արձակեն: Մաքսն անձամբ խնդրեց ակցիան շարունակել և իրենց հետևից չգնալ: Այնպես որ մնում ենք»,- հայտարարել է նախաձեռնության անդմաներից մեկը:

Մի քանի ժամ անց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրել է, որ բերման ենթարկված հինգ ակտիվիստ ազատ է արձակվել:

Ազատ արձակված մասնակիցները վերադարձել են Բաղրամյան և միացել մյուս ակտիվիստներին: Սակայն Հանրապետության հրապարակից ոստիկանություն բերված «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության 7 ակտիվիստ շարունակում էր մնալ բաժնում:

Քիչ անց «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարել է, որ իրենք դադարեցնում են սեպտեմբերի 1-ի բողոքի ակցիան, ինչից հետո ցուցարարները շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ պահանջելով ազատ արձակել այնտեղից բերման ենթարկվածներին: Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության բոլոր բերման ենթարկված անդամները ազատ են արձակվել:

Նախաձեռնության անդամ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 11-ին իրենք հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում:

Կառավարությունը օգոստոսի 1-ից բարձրացված էլեկտրաէներգիայի սակագնի հավելավճարը արտաբյուջեից կփոխհատուցի ՓՄՁ այն ներկայացուցիչներին, ովքեր ամսական սպառում են 250 կվ/ժ հոսանք։ Այս մասին Կառավարության օգոստոսի 31-ի նիստին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ:

Օգոստոսի 13-ի նիստում վարչապետը տեղեկացրել է, որ Կառավարությունը խոշոր բիզնեսին չի փոխհատուցելու օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը՝ հավելելով, որ նախագահի հետ կքննարկի ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, որոնք ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք:

ՖՈՏՈՇԱՐՔ