18 հոկտեմբերի 2006 - 16:03 AMT
Թուրքիայի խորհրդարանը կքննարկի «Ալժիրում ցեղասպանության մասին» հարցը
Թուրքական խորհրդարանը սկսեց քննարկել «Ֆրանսիայի կողմից անցյալ դարի կեսին Ալժիրում իրագործած ցեղասպանության մասին» հարցը: Այն բանից հետո, երբ ֆրանսիական խորհրդարանը օրինագիծ ընդունեց Օսմանյան Թուրքիայում Առաջին աշխարհամարտի ժամանակ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ, Թուրքիայի խորհրդարանի իրավաբանական ենթակոմիտեն սկսեց քննարկել նմանատիպ օրինագծի ընդունման հնարավորությունը, որով «Ֆրանսիան կդատապարտվի Ալժիրում իրագործած ցեղասպանության համար»: Կոմիտեի առաջին նիստում անդամները լսել են Պատմաբանների թուրքական ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուի զեկույցը եւ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունները: Ըստ Ղալաչօղլուի, «Օսմանյան կայսրության ժամանակ հայերը թուրքերից առավել ազատ են եղել, չեն զորակոչվել զինծառայության 1876 թվականից ի վեր»: Ըստ թուրք պատմաբանի, այն երկրների պատմությունը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, նույնպես «նման դեպքեր է իմացել»: Զեկույցը նաեւ պարզաբանում է, թե ինչու են թուրքերը «ստիպված եղել արտաքսել» հայերին 1915 թվականին, գրում է թուրքական «Զաման» թերթը: