«Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը մեկնարկել է հայատառ .հայդոմենային գոտում գրանցման հայտերի ընդունումը:
Սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը, ֆիրմային անվանումների, գրանցված ապրանքանիշերի և այլ մտավոր սեփականության իրավատերերը համապատասխան անվանումների առաջնային գրանցման հնարավորություն կունենան այդ դոմենային գոտում:
Դոմենային անվանումը .հայ գոտում պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված բրենդի, ապրանքանիշի, այլ մտավոր սեփականության անվանումին, գրում է Asbarez-ը:
Հուլիսին ICANN (The International Corporation for Assigned Names and Numbers) ընկերությունը հաստատել է .հայ բարձր մակարդակի նոր ինտերնետ-դոմենը:
Դոմենը տրամադրվել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» (ISOC) կազմակերպությանը, որը գրանցել է այն 2014-ին: ISOC-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ներկայացնում է Հայաստանի գլխավոր ինտերնետ պրովայդերներին, համալսարանները, գրադարանները, ակադեմիան, հետազոտական կենտրոններն ու դպրոցական ցանցերը: 2007-ին ընկերությունը դարձավ բարձր մակարդակի .am հայկական լատինատառ դոմենի մենեջերը:
Դոմենը տրամադրվեց Հայաստանին 1994-ին: Հայաստանի համար նոր դոմենի գրանցման մտադրության մասին հայտարարվել էր դեռ 2013-ին:
Նոր հայալեզու դոմենի գաղափարին հավանություն տվեցին կառավարության և հասարակական հատվածի բազում ներկայացուցիչներ, այդ թվում տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Գրիգորյանը, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը: