4 սեպտեմբերի 2015 - 11:30 AMT
Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. Ցնցումները զգացվել են ՀՀ-ում

Սեպտեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:49-ին, ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն Ադրբեջանում օջախի 30 կմ խորությամբ և 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել՝ հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 47.420 աշխարհագրական կոորդինատներով:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Էպիկենտրոնը գտնվել է 13 կմ խորությամբ՝ Շեքի քաղաքից 29 կմ դեպի հարավ-արևելք: Զոհերի ու վնասների մասին տեղեկություն չկա։

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում՝ Երևանում (3-4 բալ), Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ):

Հուլիսի 27-ին՝ ժամը 10:58-ին, Վրաստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում՝ 5-6 բալ), որըզգացվել է Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 9-15-ը գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ, որից մեկը` 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) Թուրքիայի Վան քաղաքի, ևս մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (3 մագնիտուդ) Իրանի Ահար քաղաքի տարածքում:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Հուլիսի 9-ին 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում՝ Նախիջևանից 29 կմ դեպի արևմուտք: Հուլիսի 11-ին 4-5 բալ ուժգնությամբ (3.3 մագնիտուդ) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Ագրի քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, որին հետևել է 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-2.7) երեք հետցնցում: Հուլիսի 15-ին 3 բալ ուժգնությամբ (2.4 մագնիտուդ) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Թովուզ քաղաքից 16 կմ դեպի արևելք: