«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին:
Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ը անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը:
Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին:
Հանրապետության նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից:
Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը: