4 սեպտեմբերի 2015 - 16:07 AMT
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է «զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով» զոհված զինվորի մասին

Ադրբեջանական Haqqin.az գործակալություն հայտնում է, որ Մուրովդաղի շրջանում ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Սամիր Օրուջևը զոհվել է հրադադարի խախտման հետևանքով։

ԱՊԱ գործակալությունը, սակայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով տեղեկացնում է, որ Օրուջևը վիրավորվել էր սեպտեմբերի 3-ին՝ «զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով»։

Չնայած զինծառայողին առաջին օգնություն է ցուցաբերվել, նա մահացել է բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին:

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել, որոնց վիճակը կայուն է, կյանքի էլ վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Չնայած վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ հակառակորդը կիռարելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 և 82մմ ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց:

Սեպտեմբերի 2-ի տոնական և 1-ի նախատոնական օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել: