5 սեպտեմբերի 2015 - 16:49 AMT
Դեմոյան. Ամերիկյան հանրագիտարաններում հայերի ջարդը Ցեղասպանություն է որակվում

Պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում» վերնագրով գիրք է հրատարակել: Այս մասին տեղեկացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ֆեյսբուքյան իր էջում:

Հրատարակության մեջ Կիրակոսյանը ուսումնասիրել և վերլուծել է գրեթե 40 մասնագիտական և թեմատիկ հանրագիտարան (Պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության հանրագիտարան, Ցեղասպանության հանրագիտարան, և այլն), բառարաններ (Ցեղասպանության Բառարան, և այլն), ձեռնարկներ (Օքսֆորդի Ցեղասպանագիտության ձեռնարկ, և այլն), ԱՄՆ-ում վերջին տասնհինգ տարիների ընթացքում հրատարակված այլ տեղեկագրքեր:

Դեմոյանի խոսքով՝ կատարված ուսումնասիրությունը հաստատում է այն փաստը, որ, չնայած շատ պետությունների, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից չճանաչված լինելու հանգամանքին, Նահանգներում հրատարակված բազմաթիվ մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններում Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից արևմտահայության նկատմամբ կիրառված քաղաքականությունը ոչ միայն պատմական իրողություն է և հանրային գիտելիք, այլև որակվում է որպես Ցեղասպանություն:

Հենվելով հավաքված նյութի վրա, հեղինակը բաժանել է գիրքը գլուխների, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանության հայեցակարգային և փաստական կողմերը` Հայկական հարցի ծագումից սկսած:

Գիրքը բաղկացած է 16 գլխից, հանրագիտարանների ցանկից, Հայոց ցեղասպանությանը վերաբերող տարբեր հանրագիտարաններում ներկայացված գրականության մատենագիտությունից: