7 սեպտեմբերի 2015 - 12:07 AMT
ՀՀ և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը՝ ԵՄ ԱԳ նախարարների ուշադրության ներքո

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրադրությունը մի շարք այլ խնդիրների հետ միասին ընդգրկված է եղել Եվրամիության արտաքին գործերի նախարարների` Լյուքսեմբուրգում կայացած երկօրյա հավաքի օրակարգում: Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողներին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Քննարկել ենք նաև հարաբերությունները մեր արևելյան գործընկերների հետ: Մասնավորապես, լուրջ ուշադրություն ենք դարձրել Բելառուսում վերջերս տեղի ունեցած հուսադրող իրադարձություններին. այնտեղ օգոստոսի 22-ին ազատ են արձակվել մի շարք քաղաքական բանտարկյալներ: Անդրադարձել ենք նաև Վրաստանում ու Մոլդովայում ծավալվող զարգացումներին, ուշադրություն ենք դարձրել նաև Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցող դեպքերին», - հայտարարել է Մոգերինին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել, թե Հայաստանին կամ Ադրբեջանին վերաբերող մասնավորապես որ հարցերն են քննարկվել Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցության ժամանակ: Մոգերինիի խոսքով՝ օրակարգի առանցքային թեմաներն են եղել փախստականների աննախադեպ հոսքը դեպի Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա, ինչպես նաև Եվրամիության հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Վերջին շրջանում իրավիճակը սահմանին ու շփման գծում լարված է:

Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ է պահում Տավուշի մարզը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից, նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Տավուշի 20 գյուղն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Կրակոցներից Կոթիի 2 բնակիչ է վիրավորվել: Նույն օրըհակառակորդի գնդակից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել՝ 1975-ին ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:

Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր: ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու և կրակակետերը լռեցնելու նպատակով: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը և սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

Ըստ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի՝ սահմանին լարվածությունը մեծացնելով Ադրբեջանը թերագնահատում է ԵԱՀԿ միջնորդների աշխատանքը և փորձում շանտաժի ենթարկել Մինսկի խմբի համանախագահող երկրներին:

Նրա խոսքով, ամեն անգամ, երբ միջնորդները սկսում են ակտիվացնել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը, հանդիպումներ կազմակերպել, հակառակորդը փորձում է սահամանին դրությունը լարելով իր նախապայմաններն առաջ տանել:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ առաջնագծում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների հաճախականությունը և այդ ընթացքում կիրառվող զինատեսակների քանակական ու որակական աճի դինամիկան փաստում է, որ Բաքուն, հանձինս իր ռազմաքաղաքական ղեկավարության, որդեգրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու հանցավոր մարտավարություն:

Ըստ դրա, վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող զարգացումներն ու դրանց զուգահեռ իրականացվող ռազմաշունչ հայտարարություններն ասվածի վկայությունն են:

Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել: